«Տարածքների հանձնման մասին լուրերը բարբաջանքներ են». Գառնիկ Իսագուլյան
«Ցավում եմ, որ շատ-շատերը, բանակցություններից բացարձակ տեղյակ չլինելով, հայտարարում են, որ պատրաստվում էին տարածքներ տալ, որ «Սասնա ծռերի» գործողություններն ուղղված էին դրա կասեցմանը, շատերը պատրաստվում էին իրենց հրկիզել հրապարակներում, ցավոք, չեմ տեսնում, որ հատկապես քաղաքական գործիչները հրկիզվեն»,- այսօրվա ասուլիսին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եղել են բոլոր այն տարածքներում, որոնք, ըստ նրա՝ իբր պետք է հանձնեն, և կոնկրետ հանձնարարականներ տվել՝ այդ տարածքներում հիվանդանոցներ, դպրոցներ կառուցելու համար:
«Թող այդ քաղաքական գործիչները գան, գնանք այդ տարածքները նայենք: Վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ եղել ենք հյուսիսային շրջաններում, որտեղ նույնպես բաժանվել են բնակարաններ, որտեղ նույնպես տրվել են հանձնարարականներ՝ տարբեր խնդիրների հետ կապված: Կառուցվում է Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը, որը երկու շաբաթից ամբողջությամբ պատրաստ կլինի: Արդյո՞ք այդ ճանապարհները, այդ շենք-շինությունները սարքվում են, որ հետո հանձնվեն ինչ որ մեկին»,- ասաց նա:
Իսագուլյանի խոսքով՝ տարածքների հանձնման մասին լուրերը բարբաջանքներ են: Նա խորհուրդ տվեց «հանցավոր խմբին» «Սասնա ծռեր» չանվանել՝ նշելով, որ հետո որոշ մանրամասներ կիմանանք ու կափսոսենք, որ նրանց կոչել ենք մեր էպոսի հերոսների անունով. «Նրանց խնդիրը եղել է՝ վարկաբեկել մեր պետությունը ու ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին»: