
«Իրանը ռազմաբազա չի տրամադրել Ռուսաստանին». Իրանի խորհրդարանի խոսնակը մեկնաբանել է Համադանի օդանավակայանի օգտագործման փաստը

Իրանը Ռուսաստանի տրամադրության տակ չի դրել ռազմաբազա: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին:
«Իրանը Ռուսաստանի տրամադրության տակ չի դրել ոչ մի ռազմաբազա»,- IRNA գործակալությունը մեջբերում է խորհրդարանի խոսնակի խոսքերը:
Դրանք հնչել են` ի պատասխան Իսլամաբադ քաղաքի պատգամավորի այն ակնարկին, թե Իրանի Սահմանադրության 146-րդ հոդվածը «արգելում է երկրում օտարերկրյա ռազմաբազաների գոյությունը, անգամ եթե դրանց ստեղծումը հետապնդում է խաղաղ նպատակներ»:
«Թեհրանի և Մոսկվայի փոխհարաբերությունները Սիրիայում ահաբեկչությանը հակազդելու հարցում կրում է ռազմավարական բնույթ: Մենք պետք է միավորենք մեր պոտենցյալներն ու հնարավորությունները»,- ավելի վաղ հայտարարել էր Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին` մեկնաբանելով ռուսական ինքնաթիռների կողմից իրանական օդանավակայանի օգտագործման փաստը:
Երեքշաբթի Իրանի «Համադան» ավիաբազայում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:
Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչները թռիչքներ էին իրականացնում ռուսական և Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայաններից:
Նշենք, որ ավելի վաղ Interfax-ը հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը դիմել էր Իրաքին և Իրանին` խնդրելով թույլատրել թևավոր հրթիռների թռիչքները նրանց օդային տիրույթում: