
Պետդեպը հայտարարել է, որ Գյուլենի արտահանձնման հարցը կապված չէ քաղաքականության հետ

Թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը ոչ մի կերպ կապված չէ քաղաքականության հետ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Գյուլենի արտահանձնումը ոչ մի կերպ կապված չէ քաղաքական գործընթացների հետ: Հարցը դիտարկվում է Թուրքիայի հետ արտահանձնման մասին մեր համաձայնագրի շրջանակում»,- հայտնել է նա:
Նրա խոսքով` ԱՄՆ-ն «ուսումնասիրում է ստացված փաստաթղթերը, և դա չի որոշվում մեկ օրում»:
Թոները նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Գյուլենի թեման քննարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում:
«Հիմնական ուշադրությունը զրույցի ընթացքում հատկացվել է Սիրիայի հարցով համագործակցությանը, այդ հարցը նույնպես բարձրացվել է»,- ասել է նա: