Ուորլիքը հայտնել է, թե ինչից է կախված Ղարաբաղյան հակամարտության լուծումը
Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպումներն «ազդակ են հաղորդել հակամարտության ընդարձակ կարգավորման մասին բանակցային գործընթացին»:
«Կարևորն այն է, որ նախագահները դարձյալ հաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը` շփման գծում կայունության հետագա պահպանությամբ: Բացի այդ, ակտիվորեն քննարկվում էին առաջարկները, որոնք կարող էին վերականգնել խաղաղությունը կողմերի միջև»,- ասել է Ուորլիքը:
«Մենք պահպանում ենք լավատեսություն և հավատում, որ այս տարի համանախագահները բարձրաստիճան պաշտոնյաների օժանդակությամբ կշարունակեն հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելուն ուղղված աշխատանքը:
Ի վերջո, հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորումը կախված է երկու կողմերի քաղաքական կամքից»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: