Բաքվի դատարանը որոշում է կայացրել Խադիջա Իսմայիլովային արգելել հեռանալ Ադրբեջանից
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Խադիջա Իսմայիլովայի վճռաբեկ բողոքի գործով դատական նիստը, հայտնում է APA գործակալությունը:
Իսմայիլովան բողոքարկում էր իրեն Ադրբեջանի սահմաններից դուրս չթողնելու մասին արգելքը:
Դատավոր Վագիֆ Մուսաղուլովի նախագահությամբ դատական նիստում որոշում է կայացվել չբավարարել բողոքը:
Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, որ վճռաբեկ հայց կներկայացնի Գերագույն դատարան:
Հիշեցնենք, որ Իսմայիլովան բանտում անցկացրել է մեկուկես տարի ու պայմանականորեն ազատ է արձակվել մայիսի 25-ին:
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ծառայության նախկին աշխատակիցը անցած տարվա սեպտեմբերին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման: Նրան կալանավորել էին 2014թ. դեկտեմբերի սկզբին:
Լրագրողին դատարանը մեղավոր էր ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ: Անձամբ լրագրողը պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն են:
Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր: