«Գրեթե ամբողջ հայ ժողովուրդը մտածում է այնպես, ինչպես «Սասնա ծռերի» տղաներն էին մտածում». Վարդան Բոստանջյան

«Ես չեմ ուզում վատատեսական տրամադրություններ ուղղեմ, սակայն ակնհայտ է, որ այս աշխարհաքաղաքական մեծ խաղերը, շահերի բախումը, այս պահի դրությամբ լավ չի ձևավորում իրավիճակը Հայաստանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

Հարցին, թե՝ Հայաստանն ի՞նչ կստանա Իրանից, և ի՞նչ կստանա Բաքուն, ունե՞ք մտավախություն, որ մենք նորից կարող է դուրս մնանք այդ զարգացումներից, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Հայաստանը դուրս է մնում այս բոլոր զարգացումներից, սակայն պետք է մտածել նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ երկիր է, բնականաբար, ինքը փնտրում է տարածաշրջանում ազդեցության խնդիր, փնտրում է անվտանգության խնդիր, և այդ կտրվածքով, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ-ն ոչ մեծ երկիր է, բայց բոլոր դեպքերում հյուսիսային «շչիտ», վահան է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը հասկանում է, որ կարելի է այս երկրի հետ կառուցել հարաբերություններ: Ցավոք, Հայաստանը դեռևս չի ունենում ժամանակ՝ դրա վերաբերյալ իր քաղաքականությունն ու մոտեցումները կանոնակարգելու, ձևավորելու»:

Վ. Բոստանջյանի խոսքով՝ ՀՀ-ում էլեկտրաէներգիան, գազամատակարարումը, երկաթուղային տրանսպորտը, հեռահաղորդակցությունը և այլն, արդեն մերը չեն: Ըստ նրա՝ մեր կառավարող մարմիններն են ստեղծել այդ պայմանները:

«Այս պարագայում, անշուշտ, դժվարություններ գոյություն ունեն, բայց այդ դժվարությունները միշտ հնարավոր է հաղթահարել: Հարկավոր է լավատեսորեն տրամադրվել: Մենք վատատեսորեն ենք տրամադրվում, որ միշտ նույնն է լինելու, բայց այդպես չի կարող լինել, բնությունը նման բաներ չի թույլ տալիս, դրա ցցուն ու արտահայտիչ օրինակը մենք տեսանք՝ ի դեմս այս վերջին դեպքերի՝ «Սասնա ծռերի» ակցիայի հետ կապված: Մենք տեսանք՝ հայրենասեր, անմնացորդ երկրին նվիրված տղաներն ինքնազոհ, անձնազոհ ռեժիմով ուզում են, որ փոքր-ինչ մեր երկիրն արժանավայելության դաշտում գտնվի, և գրեթե ամբողջ հայ ժողովուրդը մտածում է այնպես, ինչպես այդ տղաներն էին մտածում: Նման մտածողությունը, նման ալիքը բերելու է փոփոխությունների»,- կարծում է տնտեսագետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս