Կրծքով կերակրված երեխաներն ավելի խելացի են
Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կրծքով կերակրվող երեխաներն ավելի խելացի են: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կրծքի կաթը չափազանց կարևոր է երեխայի ուղեղի զարգացման համար: Հետազոտությանը մասնակցել են 5, 7, 11, 14 տարեկան կրծքով կերակրված երեխաներ, որոնք կարդալիս, գրելիս և մաթեմատիկայի վարժություններ կատարելիս առավել բարձր ցուցանիշներ են գրանցել:
Կրծքի կաթը լավացնում է երեխայի իմունիտետը, օգնում է պայքարել ականջի ինֆեկցիաների, ստամոքսի վիրուսների, ասթմայի դեմ, սակայն քիչ բան է հայտնի կրծքի կաթի՝ ուղեղի վրա ազդելու մասին:
Օքսֆորդի համալսարանում արված հետազոտությանը մասնակցել է 10.000 երեխա: Այս հետազոտության հեղինակներից Մարիա Ջեյքոբը համեմատել է 4 շաբաթական հասակում կրծքով կերակրված երեխաների հանձնած թեստի արդյունքներն այն երեխաների արդյունքների հետ, որոնք արհեստական կերով են սնվել: Արդյունքում պարզվել է, որ կրծքով կերակրված երեխաների ուղեղն ավելի արագ և լավ է աշխատում:
Մարիա Ջեյքոբի խոսքերով՝ շատերը գիտեն, որ կրծքի կաթը մի շարք օգտակար հատկանիշներ ունի, սակայն մինչ հետազոտությունը քիչ բան էր հայտնի կրծքի կաթի՝ ուղեղի վրա ազդեցության մասին:
Կրծքով կերակրելն օգտակար է ոչ միայն՝ երեխային, այլև՝ կերակրող մորը, քանի որ այս ճանապարհով կինը կանխարգելում է կրծքի և ձվարանների քաղցկեղը: Կրծքով կերակրելն օգնում է նաև նիհարելուն, քանի որ կերակրելիս կանայք օրական այրում են 500 կալորիա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը