Բաժիններ՝

«Հեռու մնանք շահարկումներից»

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էլեկտրոնային կայքում հրապարակված ՀՀ առողջապահության նախարարին ուղղված բաց նամակի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ ինչպես նախարարությունը, այնպես էլ՝ բժշկական հանրությունը, բոլոր ժամանակներում և անկախ հիվանդի կամ տուժածի կարգավիճակից, քաղաքական հայացքներից, գտնվելու վայրից մշտապես հավատարիմ են բժշկի սուրբ պարտականությանը և երդմանը։

Այդպես է եղել նաև հուլիսի 17-­ից սկսված հայտնի դեպքերի ողջ ընթացքում և առ այսօր։ Ես ևս կուզեի հիշել Վիտալի Բալասանյանի խոսքը, քանզի, իսկապես, աշխարհում երբեք այդպես չի լինում, երբ զինված մարդիկ պետական ինչ­որ կառույց գրավեն՝ հայտնի հետևանքներով և նրանց բժշկական օգնություն ուղարկվի։ Լարված ու դժվարին այդ օրերին մեր շտապբուժօգնության 6-8 մեքենաներն ու բուժաշխատողների բրիգադները հերթապահում էին ՀՀ ոստիկանության ՊՊԾ տարածքի հարևանությամբ և առանց խտրականության բուժօգնություն տրամադրում բոլորին՝ ով դրա անհրաժեշտությունն ուներ։ Իհարկե, երևանցիները չէին էլ պատկերացնում, թե իրենց սպասարկող շտապօգնության 34 մեքենայից 6-8­-ի բացակայությունը ծառայության համար ինչպիսի ծանրաբեռնվածություն էր ստեղծում օրական 600-650 կանչերն սպասարկելիս։

Մշակույթի գործչի կողմից հնչող հանդիմանությունը, թե իբր խտրական մոտեցում է ցուցաբերվում հուլիսյան դեպքերի հետևանքով տուժածների նկատմամբ, առնվազն հանրությանը թյուրիմացության մեջ քցելու միտում է։

Պետք չէ նման հրապարակումներով ստվերել գիշեր ու զօր մարդկանց կյանքի ու առողջության համար պայքարող բուժաշխատողների աշխատանքը։ Առավել ևս հարկ չկա բաց նամակներ գրելու։

Նախարարությունը միշտ բաց է և պատրաստ ընդունելու, լսելու բոլոր քաղաքացիներին, քննարկելու և պարզաբանելու բարձրացված ցանկացած խնդիր։
Զարմանալի համերաշխությամբ մեր շատ մտավորականներ ու գործիչներ լուռ էին, երբ իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողները պատանդի կարգավիճակում էին։ Անըմբռնելի անտարբերություն կար այս նույն դեպքերի հետևանքով ծանրագույն վիճակում գտնվող ոստիկանի վիճակի նկատմամբ։ Հուլիսի 17-ից ի վեր բժիշկների պայքարն այդպես էլ ցանկալի արդյունք չտվեց։ Ցավոք, այսօր նա մահկանացուն կնքեց։

Եկեք հեռու մնանք շահարկումներից և եթե երախտիքի խոսքեր չենք հղում, ապա գոնե չվարկաբեկենք այն մարդկանց աշխատանքը, ովքեր թեև նման վերաբերմունքից չեն խռովում (դրա իրավունքը պարզապես չունեն), բայց, վստահաբար, դառնանում ու կոտրվում են։

Եկեք խնայենք նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով կատարում են իրենց ամենամարդասիրական գործն ու մասնագիտական պարտքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս