Բաժիններ՝

«Մնջախաղը թատրոնի հիմքն է»

Մնջախաղի փառատոնի շրջանակում Ծաղկաձորում տեղի ունեցավ մնջախաղի միջազգային կոնֆերանսը:

«Մնջախաղը դասական անցյալի և անորոշ ներկայի միջև է»,- մնջախաղի վարպետ Մարկո Ստոյանովիչից մեջբերում կատարելով՝ կոնֆերանսը սկսեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: «Ըստ Ստոյանովիչի՝ մնջախաղը կարելի է պահպանել համախմբվածության միջոցով: Կարծում եմ՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը նման հնարավորություն է ընձեռում»,- նշեց Ժիրայր Դադասյանը:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսները կարծիքներ արտահայտեցին ժամանակակից մնջախաղի և դրա խնդիրների վերաբերյալ: «Մնջախաղային ներկայացումն այլևս դինամիկ գործողություններ ցուցադրելու հարթակ չէ, որում գերագնահատվում են մարմնի տպավորիչ պատկերները և պլաստիկան: Առաջին հերթին մնջախաղը միջոց է ստեղծագործելու և կյանքի կոչելու արվեստագետի և հասարակության միջև եղած էմոցիոնալ բախումները: «Ոչ-մնջախաղ» շարժումը ստանում է ոչ ենթադրելի բնույթ և թույլ է տալիս ըմբռնել իմաստային գործողությունը, որը ծնվում է արվեստագետի կողմից կոնկրետ ընտրված տարածքում, լինի դա բեմ, հրապարակ, թե փողոց: Մնջախաղի արվեստը մշտապես զարգացող արվեստ է՝ անհրաժեշտ մեր աղմկոտ ու «շատախոս» կենցաղում»,-նշեց ֆրանսահայ մնջախաղաց Վահրամ Զարյանը:

Կոնֆերանսի ընթացքում բանախոսներին հարցեր ուղղեցին, կարծիքներ հայտնեցին և հավելումներ արեցին նաև դահլիճում գտնվող մնջախաղի վարպետները:

«Մնջախաղը թատրոնի հիմքն է: Թատրոնը՝ պլաստիկ արվեստ: Մարդիկ առաջին հերթին պատկերի միջոցով են ընկալում թատրոնը: Ես այնքան էլ չեմ անհանգստանում մնջախաղի ապագայի համար, քանի որ կարծում եմ՝ մնջախաղը անհրաժեշտ է հանրությանը: Հաճախ ուսանողներիս հետ էտյուդներ ենք բեմադրում, այնուհետև ավելացնում բառերը: Ցանկանում եմ ասել, որ լեզուն չէ առաջնայինը: Ապագայում կառաջարկեմ Կինոյի և թատրոնի ինստիտուտում վարպետության դասեր անցկացնել՝ երիտասարդներին կատարելագործելու, նրանց մասնագիտական որակը բարձրացնելու համար»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանը:

Կոնֆերանսն ավարտեց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը՝ բեմական հավատի հանդեպ ունեցած մտավախությամբ:

«Եթե անկեղծությունն է վտանգված, ուրեմն առաջին հերթին բեմական հավատն է վնասվելու: Այո՛, թատրոնի ամենապայմանական տեսակը մնջախաղում ևս կարևոր է: Օրինակ՝ մի որակ է, երբ Շառլ Բոդլերի ստեղծագործությունների մոտիվներով «Չարի ծաղիկներ» բեմադրությունը դիտում ենք Ժիրայր Դադասյանի ապրված դերակատարմամբ, բացարձակապես այլ է երիտասարդ դերակատարումը, որն ընդամենը մարմնի տեխնիկայով ու պայմանական հանդերձանքով զուտ արտաքին ներկայություն է: Կատարողական որակների տարբերության պատճառը հետևյալն է՝ Բոդլերի սիմվոլային հանգամանքներոմ գործելը չափազանց բարդ է. սիմվոլների հետ հարաբերվելու համար պետք է հավատալ դրանց, ինչը միայն դրանցով ապրելու դեպքում է հնարավոր, իհարկե ներկայացման բեմադրիչ Ժիրայր Դադասյանը չէր կարող չապրել իր իսկ վերաստեղծած կոնցեպցիայով, քանի որ դա իր ստեղծագործական տեսիլքն էր: Նա զգալով հասկացել էր այդ սիմվոլների գաղափարախոսական անկյունը: Ահա թե ինչու բեմում նրա գործողությունները այդքան հավատընծա էին»,-նշեց թատերագետը:

Միջազգային մասշտաբի մնջախաղի խնդիրներին վերաբերող կոնֆերանսն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում:

Կոնֆերանսից հետո վարպետության դասեր անցկացրեցին Վահրամ Զարյանը, Գեորգի Խոջոյանը, «Ժիվոսվետ» մանկապատանեկան թատրոնը և Ջոն Ջեյքոբսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս