«Թուրքիայի սպայական կազմի 80 տոկոսը կապված է Գյուլենի կազմակերպության հետ». Բինալի Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա պալատում հեռուստաալիքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի զինված ուժերի սպայական անձնակազմի 60-80 տոկոսը, ռազմական ուսումնարանների 95 տոկոսը կապված են «Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETՃ) հետ, որին Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Haberturk թերթը:
Թուրք վարչապետն ասել է, որ ռազմական հեղաշրջման փորձի դասերից ելնելով` կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերը եւ բարեփոխումներ կատարել: Նա ասել է, որ Թուրքիայի ռազմական բարձրագույն խորհրդի կառուցվածքը պետք է փոխվի` չնշելով մանրամասներ:
Նրա խոսքով` Գյուլենի կազմակերպությունը Թուրքիայում կարող է կազմված լինել մոտ 50 հազար մարդուց, որոնք միմյանց հետ շփվելու սեփական ցանցերն ունեն:
Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են:
«Ընդհանուր առմամբ, մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը:
Բինալի Յըլդըրըմը ներկաներին հավատացրել է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Սիրիայի հարցում Թուրքիայի կողմից նոր զարգացումներ կլինեն: