«Չի կարելի ձմերուկը, սեխը, զովացուցիչ ըմպելիքները վաճառել արևի տակ». Միլետա Արիստակեսյան
Ամռան սեզոնին թունավորումները շատ են լինում. Ինչպե՞ս հնարավորինս խուսափել թունավորումներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը նշեց, որ նախ՝ պետք է օրը մոտ 3 լիտր ջուր խմել:
Նրա խոսքով՝ այն ջրերը, որոնց վրա գրված է՝ բուժիչ, չպետք է գերազանցել, պետք է չափավոր խմել. «Թանը լավագույն զովացուցիչ ըմպելիքն է, սպառողն ինքը, երբ տանը թան է պատրաստում, պիտանելիության ժամկետի տեսակետից այն կարող է թթվել: Իսկ ինչպե՞ս է, որ վաճառվող թաները 10 օր և ավելի պիտանելիության ժամկետ ունեն: Դրանց մեջ պահածոյացնող նյութ են տալիս: Դա ցիկլիկ միացություն է, իսկ ցիկլիկ միացությունները կանցեռոգեն են՝ ուռուցք առաջացնող: Ես խորհուրդ եմ տալիս՝ տանը պատրաստեք, թանը ևս սառնարանում պահեք»:
Նա նաև նշեց, որ չի կարելի ձմերուկը, սեխը, զովացուցիչ ըմպելիքները վաճառել արևի տակ, քանի որ այդ դեպքում թունավոր նյութեր են առաջանում. «Եթե այդ զովացուցիչ ըմպելիքների մեջ որպես քաղցրացուցիչ՝ կիրառված է սախալին, որը նախատեսված է դիաբետով հիվանդների համար, երբ մնում են արևի տակ, նրանց հետ թունավոր նյութեր են առաջանում, ինչը շատ վտանգավոր է օրգանիզմի համար»:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նշեց, որ այս տարի մենք բավականաչափ շատ թունավորումներ ունեցանք մանկապարտեզներում և դպրոցներում. «Երբ երեխաներին ուղարկում են ճամբար, խնդրում եմ՝ ծնողները շաբաթը մեկ անգամ ստուգում անցկացնեն: Թող մտնեն ճամբարի խոհանոցը և նայեն՝ տեսնեն՝ ինչ սննդամթերք են տալիս մեր երեխաներին, նույնը՝ դպրոցներում և մանկապարտեզներում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: