«Թիվ է, ասել է…». Վահագն Խաչատրյանը՝ Պուտինի հայտարարության մասին
ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անտեղի է համարում ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ի 10% աճի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության շուրջ բարձրացած աղմուկը:
«Ես չգիտեմ, թե ինչու է ասել, այս ասածն էլ մեծ աժիոտաժ է առաջացրել: Թիվ է, ասել է, որ եթե ուզենա, կհիմնավորի 2013թ.-ից սկսած: Հավանաբար իրեն էլ ներկայացրել են, որ Հայաստանի ՀՆԱ-ն վերջին 3 տարում աճել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վ.Խաչատրյանը: Ըստ նրա` գումարային ՀՆԱ-ի մեծությունը կախված է նրանից, թե որ բազան է հիմք ընդունվում. «Եթե մասնագիտական դիտարկենք, պետք է ճշտենք՝ բազան ի՞նչ ի նկատի ունի Պուտինը: Կարող է 3 տարի է վերցրել 2013-ից սկսած, կարող է 3 տարի է վերցրել` 2016-ն էլ գումարել է»:
Վ.Խաչատրյանի կարծիքով` հարցը շատ պարզ է` պետք է ԵՏՄ-ն փորձեն արդարացնել: Նա նշեց, որ միության մնացած երկրներում` Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, աճ չկա և միայն Հայաստանում աճ կա:
«Բայց ես դրան շատ առանձնակի ուշադրություն չէի դարձնի»,- հավելեց Վ.Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը շնորհավորել էր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո 10% ՀՆԱ աճ ունենալու կապակցությամբ: «…Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել, և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի…»,- ասել էր Վ.Պուտինը: