Հրանտ Դինքի գործով ձերբակալված ժանդարմների թիվը Թուրքիայում հասել է 10-ի

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված հետաքննության շրջանակում ձերբակալված ժանդարմների թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնում է թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, օգոստոսի 12-ին հարցաքննության են կանչվել մեկ սպա, երկու ենթասպա, ապա այդ երեք ժանդարմներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուս երկուսը ազատ են արձակվել դատարանի հսկողության տակ մնալու պայմանով:

Կայքը հայտնում է, որ Դինքի գործով օգոստոսի 3-ին ձերբակալվել են Ստամբուլի ժանդարմերիայի աշխատակիցներ Աբդուլլահ Դինչը եւ Յավուզ Բոզջան, օգոստոսի 7-ին` Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակից Էրգին Յորուլմազը, օգոստոսի 9-ին` նախկին ենթասպա Էմրե Ջինգյոզը, օգոստոսի 10-ին` Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի աշխատակիցներ Վոլքան Շահինը, Շերեֆ Աթեշը, Օքան Շիմշեքը, Հուսեին Յըլմազը եւ Գազի Գյունայը: Վերջին ձերբակալության հետ միասին Դինքի գործով կալանքի տակ վերցված ժանդարմների թիվը հասել է 10-ի:

Կայքը մեջբերել է ուշագրավ մի դիտարկում եւս` նշելով, որ Դինքի սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից ոստիկան Օզքան Մումջուն հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ Դինքի սպանությունը նախապատրաստվելու մասին միայն ինքը` Հրանտ Դինքը տեղյակ չէր:

«Դինքի սպանությունը նախապատրաստվելու ժամանակ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MIT) եւ ժանդարմերիայի հետախուզական բաժինները դրա դեմ ոչինչ չեն արել», -ասել էր նա:

CNNTurk լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակում ձեռք բերած հեռախոսային ձայնագրություններից պարզ էր դարձել, որ սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթին հետեւել են թուրքական ժանդարմերիայի հետախուզական ծառայության 6 աշխատակիցներ:

Սպանության վայրում տեսախցիկների վերստուգումից բացահայտվել է ժանդարմերիայի մեկ կապիտանի եւ 5 ենթասպայի ինքնությունը, որոնցից մի քանիսը շարունակում են ծառայությունը, իսկ մի քանիսն էլ արդեն անցել են թոշակի:

Տեսախցիկների գրանցումների եւ հեռախոսային խոսակցությունների քննությունից պարզվել է, որ սպանության նախորդ օրը հիշյալ «իրավապահները» զբոսնել են «Ակոս»-ի խմբագրատան մոտ, որտեղ սպանվել էր Դինքը: Նրանք նույն տեղում հայտնվել են նաեւ սպանության օրը` սպանությունից երկու ժամ առաջ: Նրանք հետեւել են Օգյուն Սամասթին այն պահից սկսած, երբ նա ժամանել է դեպքի վայր: Ժանդարմները մարդասպանին որոշ ժամանակ հետեւել են սպանությունից հետո եւս:

Տեսանյութեր

Լրահոս