
Հալեպում գրոհայինները կրակահերթի տակ են պահել ռազմական ակադեմիան և օդանավակայանը

Սիրիական Հալեպ քաղաքում անցած մի քանի օրերին ահաբեկչական խմբավորումները կրակահերթի տակ են պահել ռազմական ակադեմիան, երկու բնակելի թաղամաս եւ օդանավակայանը: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Հալեպում ահաբեկիչները համազարկային կրակի ռեակտիվ կայաններից, ինչպես նաեւ ականանետներով կրակահերթի տակ են պահել քաղաքի հարավային հատվածում գտնվող ֆերմաները, ցեմենտի գործարանը, Էլ-Ասադ ռազմական ակադեմիան, գյուղատնտեսական շուկան, առեւտրի կենտրոններից մեկը, երկու բնակելի թաղամաս, ինչպես նաեւ Էն-Նաիրաբ օդանավակայանը»,- այս մասին ասված է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ջեբհատ ան-Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները շարունակում են խոչընդոտել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերջնական հաստատմանը:
Նախարարությունից նաեւ տեղեկացրել են, որ մեկ օրվա ընթացքում գրանցվել է ռեժիմի խախտման 10 դեպք Դամասկոսում եւ Լաթաքիայում: