
«Եվրոպան չի կատարել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու իր խոստումը». Էրդողան

Եվրոպան չի կատարել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու իր խոստումը: Այս մասին Էրդողանն ասել է գերմանական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` եթե Եվրոպան չկատարի թուրք քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու իր խոստումը, Թուրքիան Եվրամիության երկրներից սիրիական փախստականներ չի ընդունի:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ավելի վաղ հայտարարել է, որ ԵՄ-ը կարող է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ մտցնել 2016 թվականի աշնանը, բայց Անկարայի կողմից բոլոր պահանջները կատարելու պայմանով:
«Թուրքիան սպասում էր, որ Եվրոպան կպաշտպանի իրեն վերջին ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ: Եվրոպական երկրները պետք է պաշտպանության համար Թուրքիա ուղարկեին գոնե իրենց մեկ ներկայացուցչին, ինչպես դա արվել էր Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունից հետո», -ասել է Էրդողանը:
Արտահայտելով իր վերաբերմունքը Քյոլնում հանրահավաքի ժամանակ Էրդողանի ելույթի ուղիղ հեռարձակումն արգելելու մասին Գերմանիայի Սահմանադրական դատարանի որոշմանը, Թուրքիայի նախագահն ասել է, որ «չի հարգում դատարանի այդ որոշումը»: