Ամենավտանգավոր աշունը՝ Հայաստանում

Այս ամառը շատ առանձնահատուկ ամառ է։ Ոչ միայն հուլիսյան դեպքերով ու օգոստոսյան չդեպքերով, այլ նրանով նաև, որ այս ամռանը նախորդած գարնանն ու դրան նախորդած ձմռանը որևէ մեկը թեժ աշուն չի կանխատեսել ու չի խոստացել ու չի սպառնացել։ Ի տարբերություն նախորդ 5, 10, 15 տարիների աշունների։

Այսինքն՝ այս տարի աշունն աշուն չի լինելու։ Քաղաքականապես։ Չի լինելու, որովհետև Հայաստանում քաղաքականությունն անհիշելի ժամանակներից կառուցված է եղել ընդդիմադիրների կողմից տարվա մնացած եղանակներին թեժ աշուն խոստանալու ու այն իրականություն չդարձնելու պարտադիր ավանդույթի հիման վրա։

Այլևս ոչ մեկը չի ասում, որ իշխանությունը խուճապի մեջ է։ Առավել ևս, որևէ մեկը չի հաշվում ու չի հայտարարում, թե քանի օր է մնացել իշխանությանը։ Բայց այս տարի իշխանությունն իսկապես կարող է խուճապի մեջ հայտնվել։ Որովհետև վերը նշված քանակություններով տարիների ընթացքում իշխանության գործը եղել է ընդդիմադիրների՝ թեժ աշնան սպառնալիքներին ուղղված տափակ հակադարձումը։ Հիմա չկա սպառնալիք, ուստի չի կարող լինել նաև հակադարձում։

Այս տարի, սակայն, կարող է լինել Հայաստանի ամենաթեժ աշուններից մեկը։ Որովհետև այդ մասին որևէ ընդդիմադիր չի խոստացել ու չի սպառնացել։ Իսկ աշունը թեժ կարող է լինել, որովհետև Հայաստանում սպառվել են ոչ թե սեզոնային ընդդիմադիրները, այլ սպառվել է քաղաքականությունն ընդհանրապես։ Իսկ երբ քաղաքականություն չի լինում, բովանդակությամբ քաղաքական հարցերը լուծվում են այլ եղանակներով։ Երբեմն՝ ցավալի, հաճախ՝ ողբերգական, որպես կանոն՝ անդառնալի։

Հայաստանը դա տեսել է ու տեսել է հատկապես աշնանը։ Տեսել է ամենաաշնանային ամսին՝ հոկտեմբերին։ 1999 թվականի։ Տեսել է նույն այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը հասցրել էր տեսնել՝ Հայաստանում հնարավոր է՝ գլխի են ընկել, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը կառուցված է դարավոր ավանտյուրայի վրա։ Բայց մինչ Հայաստանում կհասցնեին գլխի ընկնել նաև, որ Ռուսաստանում արդեն իսկ գլխի են ընկել՝ եղավ այն, ինչ եղավ։ Ու ինչի մասին աշխարհին պատմելու համար նաև մառախլապատ Ալբիոնում պոլինումի թունավորումից մահացավ սովետական, ապա՝ ռուսական ՊԱԿ-ի աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն։

Ինչո՞ւ այս տարի Հայաստանի ընդդիմադիր ու ընդդիմադիրների շարքում ամենաարմատական ուժերը թեժ աշնան խոստումներ կամ սպառնալիքներ չեն հնչեցրել։

Հնարավոր է՝ օտար ափերից զգուշացվել են, որ այս տարի աշունը, առանց իրենց սպառնալիքների էլ, թեժանալու է, ու զգուշացվելով՝ հորդորվել են նաև՝ ոտքի տակ չընկնել ու չխանգարել։ Բացառված չէ, որ զգուշացվել են ոչ թե օտար ափերից, որոնց դեմ ոչ միայն չեն պայքարում, այլ որոնցով պայմանավորում են իրենց պայքարի հաղթանակը, այլ սեփական եզրերից, որոնց դեմ պայքարում են առանձնակի վճռականությամբ ու նախանձելի արմատականությամբ։

2016 թվականը Հայաստանի համար թեժ է ստացվել առանց թեժ աշնան։ Ապրիլյան պատերազմ, հուլիսյան գրավում, օգոստոսյան՝ կասկածելի անդորր։

Պետք է ուշադիր կարդալ ու լսել ռուսական տեղեկացված փորձագետներին ու տգետ ծաղրածուներին։ Պետք է ուշադիր լսել ու հետևել Ռուսաստանի հայաստանյան խոսափողներին ու ակնարկողներին։ Պետք է պատրաստ լինել ամեն ինչի։

Աշունը կարող է լինել ոչ թե թեժ, այլ վտանգավոր։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս