ԿԸՀ-ն բաշխել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում որոշեց սեպտեմբերի 18-ին հանրապետության 5 մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխման հարցը: Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերի 317 համայնքներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ օգոստոսի 12-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների միջև բաշխվեցին ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները: Պաշտոնները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 246-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ) 30-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող ե ն ներկայացնել 2016 թվականի օգոստոսի 19-ից մինչև 24-ը` մինչև ժամը 18.00-ն: