«Արևմուտքը պետք է զգուշանա և՛ Ռուսաստանից, և՛ Թուրքիայից». Ռիչարդ Կիրակոսյան

Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ՝ քիչ հավանական է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ինչ-որ կերպ սպառնալիք դառնան Արեւմուտքի համար:

«Կարծում եմ՝ ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի շրջանակում, չնայած Արեւմուտքի հետ Թուրքիայի վատթարացած հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ նոր բախմանը, Արեւմուտքը մի շարք հարցերում պետք է զգուշանա եւ՛ Ռուսաստանից, եւ՛ Թուրքիայից: Սակայն խելամիտ չի լինի զգուշանալ ռուս-թուրքական մերձեցումից: Փաստացիորեն, Արեւմուտքը պետք է խրախուսի ճգնաժամի սրացման թուլացումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ ռուս թուրքական հարաբերությունների բարելավումը չի կարող փոխարինել կամ այլընտրանք լինել Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների համար:

«Չնայած Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների ներկայիս ճգնաժամին՝ Թուրքիայի ղեկավարությունը բավականին խոհեմ է, որպեսզի պահպանի Արեւմուտքի հետ ունեցած կապերը: Թուրքիան գիտակցում է, որ այս խառնաշփոթ իրավիճակի հետեւում Ռուսաստանը գործում է դեռեւս անապահովության դիրքերից»,- կարծում է փորձագետը:

Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ երկու երկրներին ներհատուկ մրցակցության հաղթահարման համար ավելին կպահանջվի, քան մեկանգամյա հանդիպումը, քանի որ նրանց ավելի շատ բան է բաժանում, քան միավորում:

«Թուրքիայում ձախողված հեղաշրջումից քաջալերված` Էրդողանը միմիայն կձգտի էլ ավելի ամրապնդել իր դիրքերը: Այս տեսանկյունից հենց Արեւմուտքն է, որն ավելի մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար, քան Ռուսաստանը, հատկապես երբ Թուրքիան գիտակցում է, որ իր ռազմավարական կարեւորությունը դեռեւս ճակատագրական է Արեւմուտքի շահերի համար»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս