![](/banners/BeFunky-design.jpg)
Գյուլենը խոստանում է վերադառնալ Թուրքիա, եթե ապացուցվի հեղաշրջման փորձին իր առնչությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/gyulen-1.jpg)
Ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին թուրքական իշխանությունները համարում են վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ձախողված հեղաշրջման կազմակերպիչ, հայտարարել է, որ եթե այդ մեղադրանքների մի մասը ապացուցվի, ինքնակամ կվերադառնա Թուրքիա:
«Եթե անգամ իմ դեմ մեղադրանքների մեկ տասներրորդ մասը ապացուցվի, ես երդվում եմ վերադառնալ Թուրքիա և կրել ամենախիստ պատիժը»,- գրել է Գյուլենը ֆրանսիական Monde պարբերականի համար գրված սյունակում:
Թուրքիայի իշխանությունները պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին, որին մեղավոր են համարում հեղաշրջման փորձի համար, ԱՄՆ-ն իր հերթին Թուրքիայից ապացույցներ է պահանջում, որ նա առնչություն ունի հեղաշրջմանը:
Ընդդիմադիր քարոզչի փաստաբանները հայտարարել են, որ մտավախություն ունեն իրենց հաճախորդի կյանքի համար:
Այն բանից հետո, երբ Ստամբուլի դատարանը կայացրեց Գյուլենին կալանավորելու որոշում, նա հայտարարեց, որ Թուրքիայում անկախ դատական համակարգ չկա:
«Քաջ հայտնի է, որ թուրքական դատական համակարգը չունի իրավական անկախություն, այնպես որ, այդ հրամանը նախագահ Էրդողանի` դեպի բռնապետություն շարժման և ժողովրդավարության սկզբունքներից հեռանալու ևս մեկ օրինակ է»,- ասվում է Գյուլենի հայտարարության մեջ: