Գագիկ Մակարյանը գտել է Վլադիմիր Պուտինի աղմկահարույց հայտարարության հիմքերը
Ռուսաստանի նախագահն այնքան էլ սխալ չէ, երբ խոսում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ի 10 % աճի մասին: Այդպես է կարծում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ 168.am-ի հետ զրույցում ասելով, որ գտել է Վլադիմիր Պուտինի աղմկահարույց հայտարարության հիմքերը:
«Չնայած մեր ՀՆԱ թվերը 2014 թ-ին 3% էր, 2015 թ-ին՝ 3.6%, որի գումարը 6.6% է, և 10% չէ, բայց գաղտնիքն այն է, որ 2014 թվի 3%-ն իր բացարձակ արժեքով կարող է ճիշտ չէ: Եվ եթե բացարձակ արժեքով հաշվենք, ստացվում է՝ 10-ից պակաս է ՀՆԱ-ն: Այդ լոգիկայով 2014-15 թվականները կարող է կազմել 10%: Այսինքն՝ իրական ՀՆԱ-ն 2014 թ-ին 2016-ի համեմատ 10 % տարբերություն կարող է լինել բացարձակ արժեքների իմաստով»,- ասաց Գ.Մակարյանը:
Սակայն, ըստ նրա, բացի այս չափազանցությունից Վ.Պուտինը նաև երկրորդ չափազանցությունն է թույլ տվել՝ ՀՀ ՀՆԱ աճը վերագրելով ԵՏՄ-ին. «Ղազախստանի, Բելառուսի հետ մենք այդ թվականներին արտաքին առևտուր գրեթե չունենք՝ համապատասխանաբար 0.8% և 0.2% էր, Ղրղզստանի հետ ընդամենը կես միլիոն դոլար է՝ 0.01%: Այսինքն՝ հիմնականում Ռուսաստանի տնտեսության շնորհքն է, որ աճ եղավ: Բայց ինքը չի ուզել ասի, որ դա միայն Ռուսաստանի շնորհքն է, դրա համար ընդհանրացրել է ու ասել՝ ԵԱՏՄ շնորհիվ է Հայաստանի ՀՆԱ 10% աճը, որպեսզի նաև ԵԱՏՄ գոյությունը մի քիչ արդարացրած լինի: Մի քիչ համեստություն է արել»:
«Դա ուղղակի արհեստական, դիվանագիտական հայտարարություն է, որում ոչ մի տնտեսագիտական ռացիոնալ հիմք գրեթե չկա, որովհետև Հայաստանի շնորհիվ է նաև աճ եղել, մի քիչ թափ ենք վերցրել Ռուսաստանի տնտեսության աճի հաշվին, բայց ամբողջ ՀՆԱ աճը կապել ԵԱՏՄ-ի հետ, ուղղակի իմաստ չունի: Չի կարելի մի պետության ՀՆԱ-ն կապել մի խմբավորման հետ: Բա Եվրոպան, մյուս երկրները ո՞ւր մնացին: Չէ՞, որ մեզ մոտ արտաքին առևտրի աճ տեղի է ունեցել տարբեր ոլորտների զարգացման, Իրաքի, Բուլղարիայի և այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունների բարելավման շնորհիվ: Այսինքն՝ դիվանագիտական զուտ հայտարարություն է՝ չափազանցված տնտեսական հիմքով, որ ՀՆԱ աճը միայն ԵԱՏՄ շնորհիվ է, իսկ քանի որ Բելառուսն ու Ղազախստանը մասնակցություն չունեն, ստացվում է միայն Ռուսաստանի շնորհիվ է: Ասում է՝ ես ասում եմ այսպես, դու հասկացիր այնպես: Այսինքն՝ իր մեսսիջն այն է, թե Հայաստանի ՀՆԱ աճը միայն Ռուսաստանի շնորհիվ է: Պուտինը սիրում է հիշեցնել ու պարբերաբար ասում է, որ այսքան հայ միգրանտներ են աշխատում, այսքան տրանսֆերտներ են ուղարկում… հիմա էլ ԵԱՏՄ անվան տակ է նույնն ասում»,- նշեց Գ.Մակարյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 %-ով»: Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է, թե «Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում աճել է գրեթե 90%-ով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում»: