«Ուրվականներ որսացողները» ֆիլմի կանանց տարբերակը 70 մլն դոլար վնաս կբերի Sony Pictures-ին
«Ուրվականներ որսացողները» ֆիլմի կանանց տարբերակը մոտավորապես 70 միլիոն դոլարի վնասներ կբերի Sony Pictures կինոընկերությանը: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը: Փորձագետները կասկածներ են հայտնել, որ ստուդիան կորոշի նկարահանել կինոժապավենի շարունակությունը:
Վարձույթում նոր «Որսորդներից» ծախսածածկում արդեն չեն սպասում: Վերլուծաբանների տվյալներով՝ կինոնկարն ամբողջ աշխարհի կինոթատրոններում կհավաքի 225 միլիոն դոլարից ոչ ավելի, բայց ծախսերը ծածկելու համար ֆիլմը պետք է վաստակի 300 միլիոն: Ըստ որում՝ ժապավենի բյուջեն կազմել է 144 միլիոն դոլար՝ չհաշված գովազդային արշավի ծախսերը:
Պրոդյուսերները կարող էին հույսը դնել Չինաստանի խոշորագույն կինոշուկայի վրա, բայց Ընդերկնյայում տեղի գրաքննիչներն արգելել են «Որսորդների» վարձույթը:
Նոր «Որսորդները» կինոթատրոնների էկրաններ են բարձրացել 2016 թվականի հուլիսին: Գլխավոր դերերը կատարել են Մելիսա Մակքարթին, Քրիսթեն Ուիգը, Քեյթ Մակքինոնը, Լեսլի Ջոնսը եւ Քրիս Հեմսվորթը:
«Ուրվականներ որսացողներն» առաջին օրիգինալ կատակերգությունը թողարկվել է 1984 թվականին եւ դարձել գլխավոր առեւտրային հաջողություններից մեկը կինոինդուստրիայի ոլորտում: Տեսնելով ծրագրի նվաճումները՝ Columbia Pictures ստուդիայում պնդել են, որ ստեղծվի երկրորդ մասը: Այն էկրաններ է բարձրացել 1989 թվականին, ու թեեւ դրամարկղային մուտքերը վերստին բարձր էին, քննադատները տարբեր կարծիքներ ունեին ֆիլմի մասին: Երկու կինոնկարներում էլ գլխավոր դերը խաղացել է Բիլ Մյուրեյը: