Զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ այսուհետ կլինի էկոնոմիկայի նախարարը
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով ի պաշտոնե Հայաստանի զարգացման հիմնադրամի խորհրդի անդամ և նախագահ է դառնում ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ի պաշտոնե խորհրդի անդամ է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը: Նշենք, որ գործող կարգի համաձայն՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։
Խորհրդի մյուս անդամները նշանակվում են խորհրդի նախագահի կողմից՝ մեկ ներկայացուցիչ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջադրմամբ և մեկական ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՀՀ ֆինանսների նախարարություններից՝ համապատասխան նախարարի առաջադրմամբ, և յոթ ներկայացուցիչ գիտական, հասարակական և մասնավոր հատվածից։ Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է, որը բաղկացած է 13 անդամից։
Իսկ ինչու է հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում վարչապետին փոխարինում էկոնոմիկայի նախարարը։
Ըստ հիմնավորման՝ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մեծածավալ լինելու հետ պայմանավորված հիմնադրամի գործունեության ընթացքում առաջանում են հարցեր, որոնք ենթակա են քննարկման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և պահանջում են արագ լուծումներ, սակայն ՀՀ վարչապետի աշխատանքի խիստ ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չէ հաճախակի գումարել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստեր։