
Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նկատել է, թե որքան մեծ տնտեսական օգուտ է ստացել Հայաստանը ԵՏՄ-ին ինտեգրումից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, թե որքան մեծ տնտեսական օգուտ է ստացել Հայաստանը ԵՏՄ-ին ինտեգրումից, հայտնում է TASS-ը:
«Հայաստանն Անդրկովկասում մեր ռազմավարական գործընկերն է և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում, ամենազգայուն գծերով` և´ միջազգային հարթակում` նկատի ունենալով առաջին հերթին ԱՊՀ տիրույթը»,- ասել է Պուտինը Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ:
«Ի դեպ, ինձ համար շատ հաճելի է նկատել, ցանկանում եմ ձեզ շնորհավորել այդ առնչությամբ, ես նայել եմ անցած տարվա տվյալները: ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն 10 տոկոսով ավելացել է, ինչպես երևում է` դատելով փաստաթղթերից»,- ընդգծել է Պուտինը:
Նրա խոսքով` դա շատ դրական ցուցանիշ է: Պուտինը հույս է հայտնել, որ նման դրական դինամիկան կպահպանվի հետագայում ևս:
Հանդիպման սկզբում Հայաստանի նախագահը պատմել է, որ Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում մտադիր է Պուտինի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունների ներկայիս վիճակն ու կարծիքներ փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ 2016թ. 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը ավելացել է 12 տոկոսով, իսկ ՌԴ ապրանքների արտահանումը հասել է պատմական առավելագույնին:
Այդ հաջողությունները, նրա խոսքով, կապված են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: