Եվրոպայի Սուպերգավաթակիրը Արքայական ակումբն է
Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում Եվրոպայի Սուպերգավաթը վիճարկեցին Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիան»: Խաղի հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար էր՝ 2:2:
Իսպանական դիմակայության առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Արքայական ակումբի 20-ամյա կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: Ընդմիջումից 4 րոպե առաջ հաշվի մեջ հավասարություն մտցրեց Ֆրանկո Վասկեսը:
Ընդմիջումից հետո «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և փոխարինման դուրս եկած Եվգենի Կոնոպլյանկան հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Ավելացված երրորդ րոպեին Սերխիո Ռամոսը վերականգնեց հավասարությունը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում Կարվախալի ֆանտաստիկ գոլի շնորհիվ Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կարողացավ հաղթանակի հասնել և խուսափել 11 մետրանոց հարվածաշարից:
Տրոնհեյմ, Նորվեգիա
Եվրոպայի Սուպերգավաթ
«Ռեալ Մադրիդ» – «Սևիլիա»՝ 3:2 (2:2՝ հիմնական ժամանակ)
Մարկո Ասենսիո, 21, Սերխիո Ռամոս, 90+3 – Ֆրանկո Վասկես, 41, Եվգենի Կոնոպլյանկա, 72, 11մ, Դանիել Կարվախալ, 120