«Երբ նկատեց, որ այդ անարդարության դեմ ուրիշ տարբերակ չկա, այդ մարդն այդ հարցին այդպիսի լուծում տվեց». «Սասնա ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը դարձավ 48 տարեկան

Այսօր լրանում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին հաց հասցրած Արթուր Սարգսյանի 48-ամյակը: Խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով այժմ վերջինս գտնվում է անազատության մեջ: Արթուրի ընկերներն այսօր տորթ էին տարել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ այժմ պահվում է Արթուր Սարգսյանը:

Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում եղբոր արարքին, ասաց. «Եթե հարցնում եք՝ որպես եղբայր, բնականաբար, կարդարացնեմ, իսկ որպես մարդ՝ լավ է արել»: Նա նշեց, որ Արթուրի մտադրության մասին իրեն ոչինչ հայտնի չի եղել: «Իր զենքը՝ գիրք, գրիչ, թուղթ»,- եղբոր մասին խոսելով՝ ասաց նա: Նրա խոսքով՝ եղբոր առողջական վիճակը լավ չէ:

«Հորդորում եմ մեր իշխանություններին՝ ամոթ է, հաց տանողին չեն ձերբակալում, այս երկրում հաց տանողին ազատ են արձակում: Իր խափանման միջոցը պետք է փոխվի, և իրեն ազատ արձակեն»,- ասաց Արթուր Սարգսյանի ընկերներից մեկը՝ Սամվել Թադևոսյանը, ով Արթուրի հետ Վերնիսաժում է աշխատում:

Նրա խոսքով՝ վերջին օրերին մեծացել է հետաքրքրությունն Արթուրի աշխատանքների նկատմամբ, դեռ չգիտեն, թե Արթուրը որտեղ է դրել իր աշխատանքները:

Կարդացեք նաև

Ընկերներից մեկն էլ ասաց, որ բացի նրանից, որ Արթուրը լավ արարք է կատարել, նա առողջական խնդիրներ ունի. պատերազմի մասնակից է, հաշմանդամություն ունի: «Արթուրի արածը հերոսություն է»,- ասաց նա: Ընկերներից մեկն էլ շարունակելով՝ նշեց, որ, եթե տղաներին հաց տանելու պարտականությունն իր վրա վերցներ պետությունը, Կարմիր խաչը կամ եկեղեցին, Արթուրն այդ պարտականությունն իր վրա չէր վերցնի: «Բայց երբ նկատեց, որ ոչ ոք չի գործում, այդ անարդարության դեմ ուրիշ տարբերակ չկա, այդ մարդն այդ հարցին այդպիսի լուծում տվեց»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Artur Sargsyan (3) Artur Sargsyan (1)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս