
«Թուրքիան պատրաստ է անհապաղ քայլեր ձեռնարկել «Թուրքական հոսքի» իրագործման ուղղությամբ». Էրդողան

Թուրքիան պատրաստ է անհապաղ քայլեր անել «Թուրքական հոսք» նախագծի իրագործման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանը TASS գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք անհապաղ քայլեր կատարել այդ նախագծի («Թուրքական հոսք») իրագործման ուղղությամբ, քննարկել այն և որոշում կայացնել: Դրա համար ոչ մի խոչընդոտ չկա»,- ընդգծել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով` «Թուրքիան ամենից շատ գազ է գնում Ռուսաստանից»:
«2016թ. հուլիսի վերջի դրությամբ Ռուսաստանից ներկրված գազի ծավալը կազմել է 12.5 մլրդ խմ: Դա ցույց է տալիս, թե որքան կարևոր տնտեսական գործընկեր է տվյալ ոլորտում Թուրքիան»,- նշել է Էրդողանը:
Ռուսաստանը 2014թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով: Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին: