Delta AirLines-ում հայտնել են, թե ինչն է դարձել համակարգչային համակարգի խափանման պատճառը

Delta AirLines ամերիկյան ավիաընկերությունը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին համակարգչային համակարգում խափանումն առաջացել է Ատլանտա քաղաքում ԷլեկտրաԷներգիայի անջատվելու պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության տարածած հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր չվերթներն ուշացել են համակարգչային համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով:

«Ատլանտայում էլեկտրաէներգիայի անջատումը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:38-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:38-ին), ազդել է համակարգչային համակարգերի եւ ամբողջ աշխարհում գործառնությունների վրա, ինչն օգոստոսի 8-ին հանգեցրել է ուշացումների եւ չվերթերի չեղարկման»,-գործակալությունը մեջբերել է ավիաընկերության հայտարարությունը: «Delta AirLines-ի տեղեկատվական թիմն աշխատում է խնդրի լուծման վրա»,-ասված է հայտարարության մեջ:

Ընկերությունը հավելել է, որ օգոստոսի 8-ին սպասվում են չվերթների համատարած չեղարկումներ:

Ատլանտա քաղաքում (Ջորջիայի նահանգ) է գտնվում Delta AirLines-ի կենտրոնակայանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս