Ինչու «Սասնա ծռերը» վայր դրեցին զենքը. պարզաբանում է Ալեք Ենիգոմշյանը
«Եթե մեկ-երկու օր իրենց հաջողվեց կասեցնել ժողովրդի կազմակերպվածությունը, խնդիրներն այնքան խորն են, որ այլ ելք չկա, ժողովուրդը նորից պիտի դուրս գա պայքարի և անպայման, անխուսափելիորեն հասնի իր նպատակների իրականացմանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ժամեր առաջ է ազատ արձակվել:
Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից զենքերը վայր դնելուն՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ դա նրանց որոշումն է, ուրիշ ոչ ոք չէր կարող կայացնել այդ որոշումը, և ինքը հարգում է այն: «Իրենք, վստահաբար, պատճառներ ունեին այդ քայլին գնալու: Իրենք առաջին օրվանից զենքերը վայր չդրեցին: Իրենք երկրում ստեղծեցին դրական իմաստով այնպիսի վիճակ, որը չէր հաջողվել ստեղծել այս անցնող ամբողջ տարիների ընթացքում, այսինքն՝ ժողովրդի, համենայն դեպս, որակյալ թվով ժողովրդի մոտ այդ վախի զգացումը վերացնել: Եվ եթե իրենք առաջին, երկրորդ օրը զենքերը վայր դնեին, այդ իրավիճակը ստեղծված չէր, և նույնը չէր լինելու, ինչը մենք ունեցանք 2 շաբաթ, 15 օր անց, երբ իրենք զենքերը վայր դրեցին: Արդեն քաղաքական և համաժողովրդական առումով և համազգային առումով, հաշվի առնելով սփյուռքը, մենք գտնվում ենք լրիվ այլ վիճակում»: Նա նշեց, որ զենքերը վայր դնելը զուտ տեխնիկական հարց չէ, 15 օրվա ընթացքում շատ բան է իրականացվել:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Ժիրայր Սէֆիլյանի չկայացած հանդիպմանը՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ, երբ ինքը բանագնաց էր, հուլիսի 17-ի երեկոյան հանդիպել է ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցչի հետ, ԱԱԾ ներկայացուցչի հետ հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանին, ապա մտել է գնդի տարածք և հանդիպել «Սասնա ծռեր» խմբավորման տղաներին: «Այդ օրը Ժիրայր Սէֆիլյանը ներկայացրեց իր առաջարկությունը՝ մի խնդրի շուրջ պետք է բոլորը համակարծիք լինեն, որ հարցն արյունահեղությամբ չպետք է ավարտվի, երկրորդը՝ այս ամեն ինչից մեր երկիրը՝ Հայաստանը, շահեկան պետք է դուրս գա: Շահեկան դուրս գալը նշանակում է՝ թեկուզև մի պահ պայմանականորեն ընդունել, մի կողմ դնել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը, որը դրել էին «Սասնա ծռերի» տղերքը, և Ժիրայր Սէֆիլյանի կողմից առաջարկություն էր՝ հանդիպել Սերժ Սարգսյանին և փորձել հանգել մեր երկրի վերաբերյալ և՛ արտաքին, հատկապես՝ Արցախի, և՛ ներքին շատ կոնկրետ, իսկական, որակական բարեփոխումների շուրջ ռեալ խոստումների, ոչ թե օդի մեջ նետված խոստումների և առաջին մեկ-երկու գործնական քայլերի: Ժիրայր Սէֆիլյանն ասել էր, որ, եթե երկրի համար նման դրական արդյունքներ լինեն կամ պատրաստակամություն, խոստում լինի, ինքը կփորձի տղաներին համոզել, որպեսզի իրենց ամենաառաջնային պահանջներից հրաժարվեն: Կրկնում եմ՝ առաջին օրվանից այդպիսի ողջամիտ մոտեցում է եղել: Հիմա բոլոր մանրամասները նորից չկրկնեմ: Այն ժամանակ պատասխանը եղավ, որ այդ ժամանակվա, այսպես կոչված, պատանդները՝ ոստիկանները, որոնք գտնվում էին գնդի տարածքում, բաց թողնվեն, դրանից հետո մնացածի մասին կխոսենք: Բառացիորեն այս բառերով՝ դրանից հետո մնացածի մասին կխոսենք: 4-5 օր անց բոլոր ոստիկանները, առանց բացառության, ազատ թողնվեցին, և դրանից հետո «մնացածի մասին» չխոսվեց»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նա նշեց, որ Վիտալի Բալասանյանը դրանից մի քանի օր անց հայտարարել է, որ, եթե տղաները զենքերը վայր դնեն և հանձնվեն, Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի ընդունել Ժիրայր Սէֆիլյանին և բացատրություններ տալ: Նա վստահություն հայտնեց, որ դա Վիտալի Բալասանյանի սուբյեկտիվ կարծիքը չէր, նրան ասվել էր, որ նման բան կլինի: Նրա խոսքով՝ սա հերթական սուտն է, ինչը ոչ ոքի չի զարմացնում:
Նա ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից եղել է կառուցողական, ողջամիտ մոտեցում, իսկ ոչ ողջամիտ մոտեցում ցուցաբերվել է իշխանությունների կողմից:



