«Ինձ մեղադրում են մի բանի մեջ, որում ես պաշտոնապես ընդգրկված եմ»

«Ասեմ, որ և՛ իմ դեմ ուղղված մեղադրականը՝ բովանադակային իմաստով, և՛ ինձ ձերբակալելու, կալանավորելու ընթակարգային, իրար հաջորդող քայլերը, որոշումներն անհիմն են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ժամեր առաջ է ազատ արձակվել: Նրա խոսքով՝ քանի որ ընթացակարգային որոշումներն ամբողջությամբ անօրինական էին՝ կա՛մ դրանք պետք է հիմնավորվեին, կա՛մ պետք է կայացվեր այսօրվա որոշումը: Դրանց կապակցությամբ Ալեք Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել, և, ըստ Ալեք Ենիգոմշյանի՝ նա գտնում է, որ այսօրվա որոշումը լուծում չգտնելու արդյունք է:

Նա նշեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել զինված խմբին օժանդակելու համար: ««Հիմնավորումները», որքանով հիմա հիշում եմ, երեքն էին: Օժանդակելն իրենք հիմնավորում են հետևյալով՝ կայուն կապ պաշտպանել Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի հետ, երկրորդը՝ տեղեկացնել ընթացող խաղաղ հանգուցալուծման բանակցությունների մասին, երրորդը՝ հրահրել ցուցարարներին անկարգություններ ցույց տալու և նաև Ոստիկանության շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդ ուղղվելու: Այս երեք, այսպես կոչված, ապացույցներով են ինձ մեղադրել: Ասեմ, որ երեքն էլ ծայրից ծայր անհեթեթություններ են: Իբր այդ հեռախոսային կապի ընթացքում ես տեղեկություններ եմ տվել իրավապահ մարմինների տեղաշարժների մասին: Դա ոչ միայն անհեթեթ է, այլև ծիծաղելի, որովհետև, որպեսզի ես իսկապես օբյեկտիվ տեղեկություններ կարողանամ տալ, պարզ է, որ ես պետք է տարածքի քարտեզը իմանամ, ասեմ, որ մոտենում են այս փողոցից, և այլն, ինչն իմ պարագայում, հասկանալի է, որ լրիվ անհեթեթություն է և այդ պատճառով՝ ծիծաղելի: Բանակցությունների մասին տեղեկություններ փոխանցելը ևս անհեթեթություն է, որովհետև առաջին շաբաթվա ընթացքում ինքս բանագնաց էի, և բանագնաց լինել նշանակում է՝ ընդունվել և՛ պատկան մարմինների, և՛ «Սասնա ծռեր» խմբի, և՛ Ժիրայր Սէֆիլյանի կողմից: Երբ երեք կողմներն ինձ ընդունում են՝ որպես բանագնաց, և ինձ մեղադրում են, որ կողմերից մեկին՝ «Սասնա ծռերին», տեղեկություններ եմ փոխանցում բանակցությունների մասին, մինչդեռ այդ կողմը բանակցող կողմերից մեկն է, այդ ամբողջ մեղադրանքի անհեթեթությունը ջրի երես է դուրս գալիս: Այսինքն՝ ինձ մեղադրում են մի բանի մեջ, որում ես պաշտոնապես ընդգրկված եմ: Ցուցարարներին անկարգությունների և ոստիկանական շղթան ճեղքել փորձելու մեղադրանքը ևս լրիվ անհիմն է, ճիշտն է հակառակը»: Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը չի վերացվել, պարզապես փոխվել է իր խափանման միջոցը:

Ալեք Ենիգոմշյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ առաջին իսկ օրվանից պահանջել են ցուցմունք տալու հնարավորություն տալ, բայց ցուցմունքը չեն արձանագրել՝ համապատասխան սարքավորումներ կամ բրայլյան գրիչ չլինելու պատճառով. կխնդրեն այսօրվա հայտարարությունն ընդունել՝ որպես դիրքորոշում, այլևս բացատրություն և ցուցմունք չեն ցանկանա տալ, քանի որ 10 օր շարունակ խնդրել են, որ քննիչը գա, ցուցմունք վերցնի:

Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ պարզ է՝ և՛ իր, և՛ շատերի նկատմամբ մեղադրանքները միտված են եղել ժողովրդի ընդվզման կազմակերպումը խափանելու: Նրա խոսքով՝ միակ պատճառը սա է:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս