«Մենք ուշանում ենք գնացքից». Արման Նավասարդյան

«Շատ եմ կարևորում այն, ինչ այսօր տեղի է ունենում Բաքվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը փորձում է ստեղծել Թեհրան-Բաքու-Մոսկվա եռանկյունին, ինչը շատ հետաքրքիր երևույթ է. «Անկեղծ ասած, կցանկանայի, որ դա լիներ Հայաստանի շուրջ, Հայաստանի հետ կապված, բայց կարծես թե մենք ուշանում ենք գնացքից: Այստեղ այսօր կարծես թե շատ մեծ, ամբիցիոզ ծրագրեր են շոշափվում: Ստացվում է՝ շատ մեծ ինտեգրացիոն գործունեության սկիզբ, որտեղ Հայաստանը նորից չկա: Չնայած մենք Իրանի հետ ունենք պայմանավորվածություն, և ամսի 4-ին ստորագրվեց էներգետիկայի վերաբերյալ պայմանագիր, բայց ես կարծում եմ, որ դա քիչ է»:

Ա. Նավասարդյանն ընդգծեց, որ կա հարցի նաև քաղաքական լուրջ կողմը՝ արդյոք հնարավո՞ր է Ռուսաստանի հովանու ներքո ստեղծել Ադրբեջանի և Իրանի համակեցություն. «Սա կլինի բոլորովին նոր երևույթ, աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիա, որովհետև շատ հակոտնյա երևույթներ կան այստեղ, որ շատ դժվար է բերել ընդհանուր հայտարարի, բայց Իրանը շատ ճկուն, խորամանկ քաղաքականություն էր վարում: Այստեղ տնտեսական խնդիրների շատ մեծ հեռանկարներ եմ տեսնում երկու կողմից: Համենայն դեպս, սա աշխարհաքաղաքական առումով նշանակում է՝ Իրանը հնարավորին հեռացնել Ամերիկայի շրջանակներից, ավելի մոտեցնել Ռուսաստանին: Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը լինելով ԵՏՄ անդամ՝ մեծ հնարավորություններ ունի կապող օղակ դառնալու Ռուսաստանի և Իրանի միջև, փաստորեն, այստեղ Բաքուն է կատարում այդ քայլը, այնպես որ, մենք պետք է այստեղ շատ ակտիվ լինենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս