«Ռուսաստանը փորձում է ձեռքերը լվանալ»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Բաքվում ձեւավորվում է նոր ձեւաչափ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որոնք հանդիպման օրակարգում ներառելու են նաեւ ղարաբաղյան հարցը:

«Նախնական խնդիրները, որոնք քննարկվել են, առնչվում են համագործակցությանը հաղորդակցման եւ տրանսպորտի ոլորտներում, սակայն, ըստ էության, մենք գործ ունենք մի երեւույթի հետ՝ այսինքն՝ մի նոր ձեւաչափի, որը հետագայում մի շարք այլ հարցեր է դարձնելու քննարկման առարկա: Նրանք փորձելու են տարածաշրջանում իրենց քաղաքականությունը համաձայնեցնել թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության եւ թե՛ տարածաշրջանային զարգացման հարցում: Այս ձեւաչափում միանշանակ կքննարկվի նաեւ ղարաբաղյան հարցը»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ ինչպես Իրանի նախագահ Հասան Ռոուհանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, այդպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կվարի նույն քարոզչական քաղաքականությունը:

«Նա հանդես կգա նույն թեզերով, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվել են պաշտոնական Բաքվի կողմից, այն է՝ Ալիեւի մաքսիմալիստական պահանջատիրությունը թե՛ հայկական կողմի, թե՛ միջազգային հանրության հանդեպ՝ շահարկելով տարածքային ամբողջականության հարցը»,-ասաց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորությամբ՝ հակամարտության հարցում Ռուսաստանը գործընթացների զարգացումը կարծես թողնում է ներքին հանգուցալուծման:

«Եթե մինչ այս պահը Ռուսաստանն ամեն ինչ անում էր ցույց տալու, որ ինքը խաղաղություն ապահովող կողմն է, ապա այժմ կարծես փորձում է ձեռքերը լվանալ: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում հասկացել են, որ Հարավային Կովկասում իրենց ակտիվությունը բերում է հակամարտության զուգահեռ ակտիվացմանը, իսկ ապրիլյան իրադարձությունները, ըստ էության, տարածաշրջանում Եվրասիական տնտեսական միության ազդեցությունը մեծացնելու հետեւանքն էին»,-ասաց քաղաքագետը:

Օգոստոսի 8-ին Բաքվում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Նրանք հայտարարեցին, որ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը միջոցներ կձեռնարկեն տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման գծով:

Տեսանյութեր

Լրահոս