Փաստաբանը կմիջնորդի «Սասնա ծռերի» անդամին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը կբողոքարկի իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը։ Օգոստոսի 6-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էրքննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Թաթուլ Թամրազյանին։

«Քննիչները որևէ նյութ չէին ներկայացրել, այսինքն՝ ըստ էության անհիմն միջնորդություն էր, այդ թվում՝ որևէ նյութ, տեղեկություն չէր ներկայացվել կալանքի հիմքերը հիմնավորելու համար, որ անձը կարող է խոչընդոտել նախաքննությանը, չներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ավելին ասեմ, օգոստոսի 1-ից դիմում ենք ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն, դրանից հետո՝ Հատուկ քննչական ծառայություն, որ ինձ որպես պաշտպան ներգրավվեն։ Մինչև օգոստոսի 6-ը չէին ներգրավել»։

Բացի դրանից՝ ըստ պաշտպանի՝ Թաթուլ Թամրազյանն ապօրինի անազատության մեջ է պահվել, նրան չեն ձերբակալել, արգելանքի չեն վերցրել, սակայն տեսակցություններն արգելված են եղել, նա հնարավորություն չի ունեցել կապ պահպանել արտաքին աշխարհի հետ, զանգել և շփվել հարազատների հետ, տեղյակ պահել իր գտնվելու վայրի մասին։

Ըստ պաշտպանի՝ Թաթուլ Թամրազյանը ցուցմունք չի տվել, օգտվել է լռելու իր իրավունքից։ Պաշտպանի խոսքով՝ Թաթուլ Թամրազյանը բարդ վիրահատության է ենթարկվել, մի քանի ամիս անց նրան դեռևս մեկ վիրահատություն է սպասվում։ Պաշտպանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ տեղափոխել Թաթուլ Թամրազյանին քաղաքացիական հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս