Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար
Չափավոր իսլամական քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբանները հայտնել են, որ վախենում են Գյուլենի նկատմամբ հնարավոր հարձակումից: Նրանք նաև ակնկալում են, որ Գյուլենը նախկինի պես կմնա Փենսիլվանիա նահանգի իր բնակավայրում:
Թուրքիայի իշխանությունները կրկին որոշում են ընդունել ձերբակալելու Գյուլենին, ով մեղադրվում է հուլիսի 15ի երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ:
Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 1725-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետևում կանգնած են ԱՄՆում վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության և ոստիկանության աշխատակիցներ:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից:
Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: 2014 թվականի դեկտեմբերին Ստամբուլի դատական իշխանությունները Գյուլենին ձերբակալելու հայտ են ներկայացրել` կապված Թուրքիայի գործող ղեկավարության և իշխող «Արդարութուն և զարգացում» կուսակցության դիրքերը խարխլելու համար ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կասկածների հետ: