«Ադրբեջանը կստանա ազդակ, որ Մոսկվան ձգտում է խնդիրը լուծել Ալիևին հաճո տարբերակով». Կոնստանտին Կալաչով
Մեր զրուցակիցն է Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը
– Պարոն Կալաչով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Ի՞նչ նոր փաստաթղթի մասին է խոսքը, մի՞թե ապրիլյան պատերազմը ոչինչ չի փոխել ռուսական ղեկավարության համար, արդյոք այդ համաձայնագիրը չի՞ թեժացնի իրադրությունը տարածաշրջանում:
– Բաքվում հանդիպման ժամանակ քննարկվելու են ոչ միայն ռուս-ադրբեջանական խնդիրները: Ինչպես հայտնի է, օգոստոսի 8-ին Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկելու են Կասպիցի թեման, և հանդիպման հիմնական օրակարգը Կասպյան տարածաշրջանի համագործակցության հարցերն են: Հասկանալի է, որ և´ Ռուսաստանը, և´ Ադրբեջանը, և´ Իրանը հետքրքրված են Կասպիցի ռեսուրսների օգտագործմամբ: Ակնհայտ է նաև, որ կա Կասպիցի հնգյակի հարցը՝ Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենիա, Ռուսաստան, կան նաև եռակողմ՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, և երկկողմ՝ ռուս-ադրբեջանական խնդիրները: Հասկանալի է, որ Ռուսաստանը ճիշտ է գտնում Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելը, այդ թվում՝ ռազմական: Հասկանալի է, որ այժմ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը բավականին պատճառներ ունի դժգոհություն հայտնելու համար:
Ես կարծում եմ, որ այդ դժգոհությունը լիովին տեղին է, բայց սա ռեալ քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Ինչ ադրբեջանական կողմը թույլ է տալիս, Ռուսաստանը դա էլ անում է: Բացի ադրբեջանական անկախ ԶԼՄ-ներում «լացուկոծից», Ռուսաստանի համար տնտեսական համագործակցության ընդլայնումից և ռազմականի խորացումից ոչ մի վտանգ չկա:
Այո, և տրամաբանական է, որ Ռուսաստանն ուզում է միանգամից նստել երկու աթոռի վրա, այսինքն՝ հարաբերությունները զարգացնել թե´ Հայաստանի, թե´ Ադրբեջանի հետ, որոնց երկուսին էլ այս իրավիճակը, այսպես թե այնպես, ձեռնտու է: Ադրբբեջանն իրականում հույս ունի վերադարձնել Ղարաբաղի շրջակա տարածքները, իսկ Հայաստանն ուղղակի այլ ելք չունի, որովհետև չի կարող գտնել այլ ռազմավարական գործընկեր: Իրականում կարևոր է մի բան՝ ինչպես էլ զարգանա ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, Ռուսաստանի հասարակական կարծիքը Հայաստանի կողմն է:
– Այո, բայց դա ոչնչով չի օգնում, երբ ռուսական զենքը կրակում է հայ-ադրբեջանական սահմանին:
– Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը բավականին չափավորված կլինի, այսինքն՝ չի անցնի այն սահմանները, որոնք կարող են բերել դաշնակցի կորստի: Ռուսաստանը չունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատրաստի բանաձև, ոչ մեկը չի պարտադրում պատրաստի բանաձևեր, բայց հասկանալի է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը կոչ է անում փոխհամաձայնության գալ՝ առանց արտաքին ճնշումների, ՌԴ-ն հնարավորություն ունի կառուցել հարաբերությունները թե´ Ադրբեջանի, թե´ Հայաստանի հետ: Պայմանականորեն ասած՝ այնպես է ստացվել, որ Հայաստանն ինքն է իրեն դրել այն իրավիճակի մեջ, որում այժմ գտնվում է:
Հասկանալի է վաղեմի բարեկամությունը, տարածաշրջանում խաղաղությունը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հենց ղարաբաղյան թեմատիկան է Հայաստանին խոցելի դարձնում այն առումով, որ, ուզեք թե չուզեք, բայց ռուսական կողմը հաստատապես ընտրություն չի անի հօգուտ որևէ կողմի, այլ կփորձի, ինչպես ասացի, միանգամից նստել երկու աթոռի վրա: Այդ հնարավորությունը կլինի այնքան, մինչև Հայաստանն ու Ադրբեջանը «կդողան դրա վրա»: Ես պարբերաբար կրկնում եմ, որ խնդիրը ձեր ղեկավարության մեջ է: Ռուսական ղեկավարությունը գործում է այն հնարավորությունների շրջանակում, որը տալիս է ՀՀ ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Սարգսյանը:
– Պուտինի Բաքու այցից հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա և հանդիպելու է ՌԴ նախագահի հետ: Ըստ Ձեզ՝ ո՞րը կլինի այդ հանդիպման առանցքային հարցը:
– Ադրբեջանի հետ հարաբերությունները նաև հետագայում կառուցելու համար Ռուսաստանը պետք է ցույց տա, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմ է կոնսենսուսին, այսինքն՝ երկկողմ ընդունելի լուծման կողմնակից է: Մենք ձեզ հետ հիանալի հասկանում ենք, որ փոխընդունելի լուծում չկա, բայց շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը՝ ոչինչ, կարևորը ցույց տալն է, որ գործընթացը շարունակվում է: Իսկ ընդհանրապես, ինձ՝ որպես Մոսկվայի բնակչի համար, լավագույն տարբերակը, որ կարող է լինել Մոսկվա Սարգսյանի այցից հետո, այստեղ հայկական խանութների բացվելն է, օրինակ՝ «Արցախ»:
Այսինքն՝ առևտրի զարգացումը լավագույն լուծումն է հարաբերությունների բարելավման համար: Իհարկե, հանդիպման ժամանակ Ղարաբաղի թեման կշոշափվի քաղաքականապես կոռեկտ արտահայտություններով, ընդ որում, այնպես, որ Ադրբեջանը ստանա ազդակ, որ Մոսկվան ձգտում է խնդիրը լուծել Ալիևին հաճո տարբերակով: Բայց միաժամանակ, իհարկե, խնդիրը չի լուծվի: Լուծելի թեմաներն առևտրատնտեսական հարաբերություններն են, և ինձ թվում է, որ 2 երկրների առևտրաշրջանառությունը կարելի է շեշտակի բարձրացնել, հայկական ապրանքները Ռուսաստանում պահանջարկ ունեն, անձամբ ես պատրաստ եմ միշտ գնել հայկական գինի, արցախյան պանիր, և այլն:
– Հայաստանյան որոշ հասարակական գործիչներ գտնում են, որ սկսվել է ռուսական ուղեծրից դեպի ամերիկյան ուղեծիր Հայաստանի անցնելու գործընթաց, ինչի մասին վկայում են նաև երևանյան վերջին իրադարձությունները՝ «Սասնա ծռերի» հետ կապված:
– Դա անվերջ խոսակցություն է, և Սարգսյանին ձեռնտու են նման գործիչները, որովհետև կարող է Մոսկվային ասել, որ մենք ունենք նման մարդիկ, որոնք արևմտյան ուղու, Վրաստանի օրինակի կողմնակից են: Սակայն բոլորը հասկանում են, որ չլուծված խնդիրները Հայաստանին զրկում են Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրության հնարավորությունից: Հասկանալի է, որ փոխվում են սերունդները, ռուսական ազդեցությունը կարող է կրճատվել, բայց քանի դեռ Ռուսաստանը ստատուս-քվոյի երաշխավորն է, Հայաստանը ոչ մի տեղ չի կարող փախչել: Իսկ ԱՄՆ-ի ազդեցության մասին բոլոր խոսակցությունների վերաբերյալ ավելի լավ կասեն մեր ադրբեջանամետ քաղաքագետները, ըստ որոնց՝ տարածաշրջանում ամենամեծ ամերիկյան դեսպանությունը Հայաստանում է, այդտեղ ամերիկացիները բուռն գործունեություն են ծավալում, և այլն, և ՌԴ-ն պետք է պաշտպանի Ադրբեջանին: Այսինքն՝ ամերիկյան գործոնն օգտագործվում է՝ որպես ապացույց այս կամ այն կողմի փաստարկների: Հայկական կողմն էլ այդ գործոնն օգտագործում է իր պահանջներն առաջ տանելու համար: Այսինքն, ըստ էության, սա մեծ խաղ է:
– Այդ ուղեծրի հետ կապված համեմատություն է արվում Թուրքիայի հետ, որտեղ հակառակ գործընթացն է սկսվել:
– Թուրքիան սկզբում վիճեց, հետո հաշտվեց Ռուսաստանի հետ, բայց անհասկանալի է, թե ինչ է շահել վերջին տարիների ընթացքում: Կարծում եմ, որ լուրջ խնդիր կա՝ Հայաստանն ավելի պակաս ակտիվ ու պակաս հաջողությամբ է ՌԴ քաղաքական էլիտայի հետ հարաբերություններ կառուցում, քան Ադրբեջանը: Ձեզ մոտ էլ շատ լավ գիտեն այն փորձագետների անունները, որոնք ապրում են Բաքվի փողերով: Խնդիրն այլ է, այն, որ կարելի է անվերջ նեղացածի դեր խաղալ, բայց դա փակուղային տարբերակ է, անհրաժեշտ է հարաբերությունները զարգացնել թե´ ժողովրդական դիվանագիտության, թե´ էլիտաների մակարդակով: Պետք է ընկալել, որ Ալիևը շատ ավելի ծանրակշիռ է թվում, քան Սարգսյանը, և Պուտինի մոտ ավելի շատ հարգանք է վայելում: Բայց սա իմ անձնական տեսակետն է:
– «Սասնա ծռեր» խումբը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին՝ պայքարել Ռուսաստանից ապագաղութացման դեմ: Որոշ վերլուծաբաններ էլ այս իրադարձություններում ռուսական հետք են տեսնում: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այդ ապստամբությունը ձեռնտո՞ւ էր Ռուսաստանին:
– Ի՞նչ ապագաղութացման մասին կարող է խոսք լինել: Ես կարծում եմ՝ դա միֆ է, որը կապ չունի իրականության հետ, բայց շահավետ է այս կամ այն քաղաքական ուժերին: Կներեք, բայց Բաքվում ռուսերեն խոսում են շատ ավելի լավ, քան Հայաստանում, այսինքն՝ նրանք ավելի ռուսախոս են: Ի՞նչ ապագաղութացման մասին կարող է խոսք լինել՝ մշակութայի՞ն, տնտեսակա՞ն: Կներեք, բայց հայ ժողովուրդն ունի թե´ դրական, թե´ բացասական հատկանիշներ, որոնք խանգարում են նրա զարգացմանը, մասնավորապես՝ ցանկացած վայրում, ցանկացածի մեջ խնդիրներ փնտրելը, բացի սեփական անձից: Որքան ես շփվել եմ հայերի հետ, նրանց պետք է գտնել թշնամի, պատճառաբանություն, և փոխանակ խնդիը լուծելու՝ նրանք պատմում են, թե ինչու այդ խնդիրը լուծել չի կարելի: Ես կասեի, որ ամբողջ խնդիրը քաղաքակրթության ընտրության մեջ է, այսինքն՝ Հայաստանին գուցե հարկավոր է ավելի քիչ մտածել Ռուսաստանի մասին և ավելի կենտրոնանալ ինքն իր վրա: Լավագույն օրինակը Վրաստանն է: Այսօր Մոսկվայի կեսը Թբիլիսիում է, և դեպի Վրաստան տոմսն ավելի թանկ արժե, քան դեպի Մալդիվյան կղզիներ:
Ռուս-վրացական հարաբերությունները կրկին կառուցվում են, վրացիները մոռացել են մեծ քաղաքականության մասին, անում են այն, ինչ իրենց մոտ լավ է ստացվում՝ հյուրասիրություն, տուրիզմ, մշակութային կապեր, խոհանոց և այլն: Երբ Հայաստանը կսկսի քիչ զբաղվել քաղաքականությամբ և ավելի շատ աշխատի իր գրավչության վրա, կարծում եմ՝ շատ հարցեր իրենք իրենց կվերանան: Կրկնեմ՝ Ռուսաստանը Հայաստանի հետ անում է այն, ինչ Հայաստանը թույլ է տալիս: