«Երևանի քաղաքապետարանից փորձում են «ցրել» վերնիսաժցիների բարձրացրած հարցերը ու անտարբեր վերաբերմունք են դրսևորում»

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում այսօր քննարկվում էր Վերնիսաժի տարածքին նոր կարգավիճակ տալու խնդիրը: Ներկաները մասնավորապես նշում էին, որ Վերնիսաժը մշակութային վայրից դառնում է սովորական առևտրի վայր, որտեղ, հայկական արտադրանքից բացի՝ ներկայացվում է նաև թուրքական, թաիլանդական արտադրանք:

Ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանը, որ զբաղվում է ձեռագործով ու արդեն երկար տարիներ իր աշխատանքներն իրացնում է Վերնիսաժում, նշեց, որ այս տարվա գարնանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած նիստին, որտեղ քննարկվել է, թե ինչ աշխատանքներ են կատարվելու Վերնիսաժում.

«Այդ ժամանակ մեզ խոստացան, որ կմնանք մեր տեղերում՝ մինչև շինարարությունն ավարտվի: Հետո գալիս ենք Վերնիսաժ, տեսնում ենք, որ մեզ հեռացրել են: Մեր հարցին՝ ինչո՞ւ են մեզ հանել, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը պատասխանեց՝ արդարացի չի լինի հնավաճառներին հանել, ձեզ թողնել: Մեզ անհաջող, փոշոտ տեղերում տեղավորեցին, մենք մի կերպ համաձայնեցինք՝ մտածելով, որ նորակառույց տեղում նորմալ տեղ կհատկացնեն: Սակայն մենք դիմում ենք գրել քաղաքապետին, պատասխանը ստացել ենք առևտրի բաժնից, մեզ ասել են, որ կտեղավորեն անցումային մասերում ինչ-որ անհարմար տեղերում»:

Նա նշեց, որ թեկուզ դժվարությամբ, բայց զարգացնում էին վաղուց մոռացված մշակույթի մի ճյուղ.

«Վիրավորական շեշտ կա՝ այսօր Վերնիսաժում այնպիսի ապրանքներ են վաճառվում, որ բացարձակ կապ չունեն Վերնիսաժի հետ՝ թուրքական արտադրության կտորներով պայուսակներ, Թաիլանդից բերված արծաթ, և այլն: Վերնիսաժը պետք է լինի մշակութային կենտրոն: Երբ մեր խնդիրները բարձրաձայնեցինք, պարոն Օհանյանն ասաց, որ նորակառույցում մեկ քառակուսի մետրը արժե 1000 դրամ, իսկ մինչև հիմա մենք այդտեղ կանգնելու համար այդքան չենք վճարել: Շաբաթ-կիրակի օրերին մի գծամետրի վրա կանգնելու համար հարյուր դրամ ենք վճարել, իսկ հիմա դարձնում են հազար դրամ: Ամեն անգամ, երբ Վերնիսաժում փոփոխություն է եղել, հարվածի տակ ընկել ենք մենք՝ ձեռագործով զբաղվող կանայքս»:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի խոսքով՝ իրենց հանձնաժողով Վերնիսաժից բավականին շատ մարդիկ են դիմել.

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Վերնիսաժը փորձում են դարձնել բացօթյա վաճառքի վայր: Մենք պետք է համատեղ ջանքերով նպաստենք, որ այդ արվեստի օջախը մնա: Պատկերացրեք՝ ասում են՝ ժանգոտող երկաթի վրա կախեք ամիսներ տևող ասեղնագործությունը, ու նույնիսկ ծածկ չեն ապահովում, ասում են՝ վճարեք, լավ տեղ տանք… Մենք պետք է աջակցենք արվեստի այդ ճյուղերի զարգացմանը»:

Ժողովրդական վարպետ Վարդիշաղ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանից փորձում են իրենց հարցերը «ցրել» ու անտարբեր վերաբերմունք են դրսևորում.

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանն էլ ասել է՝ ուր էլ բողոքեք, հարցը վերջում ինձ մոտ է գալու: Դա շատ վիրավորական է: Մեր պահանջն է, որ մեզ հատկացնեն այնպիսի տեղեր, ինչպիսին բրուտագործներին, արծաթագործներին, և ոչ պակաս, քան 3 քմ տարածք՝ ծածկի տակ»:

Տեսանյութեր

Լրահոս