«Ռուսաստանը կողմերին չի պարտադրի Ղարաբաղյան խնդրի լուծման բաղադրատոմսեր». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին՝ Ադրբեջան մեկնելու նախօրեին, հարցազրույց է տվել ադրբեջանական «Ազեր Թաջ» պետական լրատվական գործակալությանը, հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը:
Լրատվամիջոցի հետ զրույցում Պուտինն ասել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր, Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտության կողմերին առաջարկված ցանկացած տարբերակի»:
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք ամենևին չենք փորձում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր: Կողմերն իրենք պետք է պայմանավորվեն` առանց արտաքին ճնշման, գտնեն փոխադարձ ընդունելի որոշումներ: Դա մեր ամուր դիրքորոշումն է»,- ասել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ փոխզիջման հասնելը «նախատեսում է տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռություն գտնել»:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան իրեն ամբողջությամբ հաշիվ է տալիս, թե ինչ պատասխանատվություն է ընկած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության ուսերին:
«Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի պայմանավորվածությունը, որի դեպքում կողմերից ոչ մեկը չի լինի ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող, զիջումները կլինեն փոխադարձ, կողմերից յուրաքանչյուրի համար օգուտները հասարակական կարծիքի համար կդառնան հասկանալի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում:
Իր հերթին՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի բոլոր ներգրավված կողմերին` մյուս միջնորդների հետ միասին հանդես գալ՝ որպես կարգավորման երաշխավոր»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանին Ադրբեջանի և Հայաստանի հետ միավորում են խորը պատմական արմատները, հարաբերությունների ռազմավարական բնույթը, աշխարհագրորեն մոտ լինելը:
«Այդ պատճառով էլ մենք անկեղծորեն շահագրգռված ենք, որ հարևան տարածաշրջան վերադառնան խաղաղությունն ու հանգստությունը, որպեսզի այնտեղ դադարեն զոհվել մարդիկ, բացվեն սահմանները, վերսկսվեն տնտեսական կապերը: Դրա համար մենք անում ենք հնարավոր ամեն բան»,- ընդգծել է Պուտինը: