Արդյոք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական կազդի՞ Հայաստանի վրա
Թեեւ Թուրքիան դեպի միապետության ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը.
«Դա կարող է օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ եթե Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը նույն կողմի վրա հայտնվեն, դա կարող է բերել տարածաշրջանային վերադասավորությունների»:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Ռուբինն ասել է, թե նման վերադասավորումներից Հայաստանը կարող է ակնկալել առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական օգուտներ.
«Չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը շարունակում է ռազմավարական կարեւոր տեղ գրավել եւ խելացի գործելու դեպքում Հայաստանի իշխանությունը կարող է երկրի համար օգուտ քաղել»:
Վերլուծաբանի այս կարծիքը կիսում է ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը.
«Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունները երեւի թե ծառայում էին հօգուտ Ադրբեջանի եւ Վրաստանի»:
Նախկին դիվանագետի խոսքով, բարելավելով հարաբերությունները Անկարայի հետ, Մոսկվայի ձեռքերը տարածաշրջանում կրկին ազատվում են եւ այն կարող է ավելի հաստատակամ եւ կոշտ քաղաքականություն անցկացնել Բաքվի եւ Թբիլիսիի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հերբսթը նշեց, որ տեսնում է դրանց բարելավման հնարավորություն եւ նույնիսկ՝ սահմանների բացում.
«Էրդողանի համար նման քայլը թույլ կտար գոնե մասամբ ազատվել քննադատությունից, որը հնչում է նրա հասցեին Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից»:
Սակայն, ավելացնում է Ջոն Հերբսթը, որեւէ երաշխիք դրա համար չկա.
«Էրդողանին հաջողվում է կարծիքը փոխել առանց որեւէ բացահայտ պատճառի եւ անսպասելի արագ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դիտարկում է ավելի լայն համատեքստում.
«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ցանկացած քայլ արվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջընթացի համատեքստում: Այս երկու հարցերը միմյանց հետ ուղղակի կապված չեն, սակայն առաջընթացը մեկում կարող է եւ պետք է առաջընթաց ապահովի մյուս հարցում»: