Իտալիայում օրենքով կրճատում են դեն նետվող սննդամթերքի ծավալները
Իտալիայում նոր օրենք է ընդունվել մեծ ծավալներով սննդամթեքի վատնումը կանխելու մի շարք միջոցառումների մասին, որն ամեն տարի նետվում Է աղբանոցներ, տեղեկացնում է BBC-ն:
Օրինագիծը, որն արժանացել է 181 սենատորների հավանությանը (երկու դեմ եւ 16 ձեռնպահ սենատորներ) նպատակ է դնում թափոնի վերածվող 5 միլիոն տոննա սննդամթերքը տարեկան նվազեցնել 1 միլիոն տոննայով:
Կառավարության կարծիքով՝ սննդամթերքի անիմաստ կորուստը երկրի տնտեսության եւ բնակիչների վրա տարեկան ավելի քան 12 միլիարդ եվրո է նստում: Որոշ տվյալներով՝ դա կարող է կազմել Իտալիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 1 տոկոսը:
Եվ այս հիմնախնդիրը վերաբերում է ոչ միայն Իտալիային:
ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) գնահատումներով՝ աշխարհում թափվում է արտադրվող սննդամթերքի շուրջ մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ մինչեւ 40 տոկոսը:
«Այն սննդամթերքը, որն այժմ Եվրոպայում դեն է նետվում, կարող էր կերակրել 200 միլիոն մարդու»,- պնդում է ՖԱՕ-ն: