«Եթե մի փոքր կարդաք այսօրվա պոեզիան՝ կտեսնեք, որ այսօր մեծ մասը գրվում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքով». Արքմենիկ Նիկողոսյան
Երիտասարդ հեղինակ Անի Մնացականյանը կարծում է՝ այսօր երիտասարդ հեղինակները գրական դաշտ մտնելիս՝ մեծ դժվարությունների չեն հանդիպում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Մնացականյանը կարծիք հայտնեց, որ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները բավականին ըմբռնումով են մոտենում և ավելի շատ խթանողի, օգնողի դեր են ստանձնում, քան խանգարողի:
«Տպավորությունը, որ ստեղծված է, թե պետք է հալածեն, խանգարեն, չկա նման բան: Կարծում եմ՝ գրելուն ոչինչ չի կարող խանգարել, որովհետև դա կենսական պահանջ է, հաց ուտելու, ջուր խմելու նման մի բան է գրողի համար, և ինչքան էլ ուշանա այդ ժամանակահատվածը, միևնույն է, դու պետք է գրես»,- նշեց երիտասարդ հեղինակը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ համաձայնեց, որ այդ դժվարությունների բացակայությունը վերջին 5-10 տարիների գրական դաշտի մեծագույն առավելություններից մեկն է. «Մեծ հաշվով, եթե նայենք, բոլորը հավասար դիրքերում են, որովհետև այսօր գրականության տարածման, քարոզման մեծագույն հարթակը սոցիալական կայքերն են, նաև անձնական բլոգները, իսկ այդ դաշտում բոլորը հավասար են: Դա, իհարկե, դրական միտում է, բայց մյուս կողմից էլ՝ բերում է որոշակի քաոսայնության, դժվարությունների չհանդիպելով՝ երիտասար գրողները մի փոքր ավելի շուտ են հղփանում, և այդ բնական գրական արգելքներ չհաղթահարելու երևույթը երբեմն բացասականորեն է անդրադառնում իրենց վրա»:
Նա նկատեց, որ շատ գրողներ կան՝ խաբվում են ֆեյսբուքյան լայքերով, բանաստեղծություններ են դնում՝ հազարավոր լայքեր են ստանում, բայց երբ գալիս է գիրքը՝ որպես այդպիսին, շրջանառելու խնդիրը, իսկապես բախվում են խնդիրների:
«Որակի առումով վերջին տարիներին անկում կա: Անկումը վերաբերում է հատկապես պոեզիային, մի տեսակ հեշտագրության պես մի բան եմ ես նկատում այսօր բանաստեղծության մեջ, որը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ, սա էլ բխում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքից, եթե մի փոքր կարդաք այսօրվա պոեզիան՝ կտեսնեք, որ այսօր մեծ մասը գրվում է ֆեյսբուքյան ստատուսի սկզբունքով՝ կիսվելու համար, լայքվելու համար, և դա իր վնասները բերում է»,- նշեց Ա. Նիկողոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: