
Կառավարությունը լուծում է բնակիչների բնակարանային խնդիրները

ՀՀ Կառավարությունն այսօր ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում, որի նպատակը ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի ուսուցչի տանը երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Այդ բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ «Հայէկոնոմբանկ»-ի սեփականությունը հանդիսացող Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոց 3 հասցեում գտնվող բնակելի շենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասն ընդունել է որպես ՀՀ սեփականություն և նվիրել այնտեղ բնակվող ընտանիքներին:
«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: