Բացառիկ կարևորության նախաձեռնություն. իրանագետը՝ «Էներգաիմպէքս» ընկերության ստեղծման մասին
Հայաստանի միջոցով Իրանից գազի արտահանման նպատակ հետապնդող հայկական «Էներգաիմպէքս» ընկերության ստեղծումը պետք է գնահատել որպես բացառիկ կարևորության նախաձեռնություն՝ մեր երկրի տնտեսական և քաղաքական կարգավիճակին բոլորվին նոր որակ հաղորդելու առումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:
«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված գործադիրն ընդունել է «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» որոշում՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքի սահմանված կարգով օտարում «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից շահագործում նույն անձնակազմով:
«Այս քայլով Հայաստանը փաստացիորեն հստակ ազդակ է հղում, որ էներգետիկ ոլորտում չի բավարարվելու միայն բարձրավոլտ էլեկտրական էներգիայի փոխանցման միջանցքի դերակատարություն ստանձնելով, այլ հարևան և բարեկամ Իրանի հետ սերտ փոխգործակցությամբ աստիճանաբար մուտք է գործելու նաև գազային տարանցման շուկա, ինչն, ըստ էության, ոչ միայն բարձրացնելու է մեր էներգետիկ անվտանգությունը, այլև զգալիորեն բարելավելու է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը նաև միջազգային ասպարեզում:
Մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք էլ այն է, որ նման ծրագերի միջոցով իրականում մեթոդաբար կոտրվում է նաև հայաստանցիներիս՝ սեփական երկիրը բացառապես որպես փակուղի դիտարկելու աշխարհայացքային կարծրատիպը, ինչը շատ դեպքերում նաև ինչ-որ առումով գրեթե համատարած կերպով մեզանում արմատավորված վատատեսության հիմնական պատճառներից է»,- գրել է իրանագետը: