Բաժիններ՝

«Եղիշե Պետրոսյանի գործի հետ կապված տարօրինակ վիճակը շարունակում է մնալ տարօրինակ». Պաշտպան

«Ոստիկանների ցուցմունքներից իմ ընդհանուր տպավորությունն այն էր, որ այն անձը, որը թելադրել է ոստիկաններին՝ ցուցմունքը գրառելը, ոչ միայն չի եղել Սարի թաղում, այլ անգամ ջանք չի գործադրել տեսանյութերը դիտի՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվել»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Եղիշե Պետրոսյանի և Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն այսօր հայտնել էր, որ Հովսեփ Խուրշուդյանի գործով երկու ոստիկաններ են ցուցմունքներ տվել՝ ասելով, որ նա հուլիսի 29-ին Սարի Թաղում քար է նետել ոստիկանների ուղղությամբ:

«Տարօրինակ զուգադիպությամբ՝ երկու ոստիկանի ցուցմունք կա նաև Անդրիաս Ղուկասյանի պարագայում, երբ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս՝ ներկայացվեց երկու ոստիկանի ցուցմունք: Չեմ զարմանա, որ գործ ունենանք նույն երկու ոստիկանի ցուցմունքի հետ, ընդ որում՝ ինձ համար հետաքրքիր էր այդ ոստիկանների ցուցմունքները նաև այն առումով, որ դրանք վերաբերում էին իմ մեկ այլ պաշտպանյալի՝ Եղիշե Պետրոսյանին, որը, ինչպես գիտեք, Սարի թաղում ընդհանրապես չի եղել, և Նար-Դոսի փողոցում, դեռևս երթի ընթացքում իր ինքնազգացողությունը վատացել է, և շտապ օգնությամբ նա տեղափոխվել է, ինչը չէր խանգարել այդ երկու ոստիկաններից մեկին հալյուցինացիա ունենալ և բարձրախոսը ձեռքին ցուցումներ տալուց Եղիշե Պետրոսյանին ևս Սարի թաղում տեսնել»,- նշեց Ե. Վարոսյանը:

Պաշտպանը նշեց, որ Եղիշե Պետրոսյանի գործի հետ կապված տարօրինակ վիճակը շարունակում է մնալ տարօրինակ: Նրա խոսքով՝ փաստացի Ե. Պետրոսյանն ամսի 30-ից սկսած անազատության մեջ է գտնվում:

Կարդացեք նաև

«30-ին իրեն ներկայացվել է ձերբակալելու որոշումն այն պատճառաբանությամբ, որ հայտնի չէր իր գտնվելու վայրը, այնուհետև ինքը տեղափոխվել է հիվանդանոց շտապ օգնության մեքոնայով՝ Ոստիկանության այդ ամբողջ մի ջոկատի ուղեկցությամբ, որը վազվզում էր այստեղ-այնտեղ՝ իր հետևից, երբ կիսագիտակից վիճակում նրան հետազոտումներ էին իրականացնում: Երբ բժիշկներն ասացին, որ նա պետք է շարունակի հետազոտումը և բուժումը, Ոստիկանությունը վերակարգ կանգնեցրեց նրա մոտ և հեռացավ: Մենք բողոքարկեցինք ձերբակալման որոշումը, դատարանը մերժեց, բայց նշեց, որ, քանի որ ձերբակալության արձանագրությունը չի կազմվել, մենք գտնում ենք՝ ինքը ձերբակալված էլ չի: Հիմա ինքը գտնվում է պալատում, պալատն անընդհատ ոստիկանների վերահսկողության ներքո է, վարույթ իրականացնող մարմինն ինքն իրեն համոզել է, որ անձը ձերբակալված չէ, նրա հետ կապված որևէ գործողություն մինչ այսօր չի կատարվում: Մարդը, ի վերջո, չգիտի՝ իրեն ինչո՞ւմ են մեղադրում, ինքն ազատության մե՞ջ է, թե՞ ոչ»,- նշեց պաշտպանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ե. Պետրոսյանի առողջական վիճակում դեռ դրական որևէ տեղաշարժ չկա: Ե. Վարոսյանի խոսքով՝ Անդրիաս Ղուկասյանը գտնվում է հացադուլի մեջ, այս պահին նա գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ առանձին խցում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս