«Քաղաքական հայտը համերաշխությունն է «Սասնա ծռերի» գործողության հետ». Զարուհի Փոստանջյան

«Երբ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» անունը լսեցի, հետ վերադարձա 2004 թվականը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հիշեց, որ 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը նույնպես տեղի ունեցավ մի «արյունալի» գործողություն Բաղրամյան պողոտայում, երբ քաղաքացիները բողոքում էին. «Փակվել էր «Ա1+»-ը, և այլն, այսինքն՝ քաղաքական ուժերի նկատմամբ և մեր լրատվամիջոցների նկատմամբ բիրտ ուժն անընդհատ կիրառվել է, բայց մենք լռել ենք, հանդուրժել ենք, այդ «Սասնա ծռեր» անվան տակ մենք անցկացրեցինք նաև ռոք փառատոն, որի համար նաև թողարկեցինք շապիկներ: Հիմա ընդամենը 12 տարի է անցել այդ ժամանակահատվածից, ու մենք էլի դիմում ենք «Սասնա ծռերի» օգնությանը՝ բնազդաբար, գիտակցաբար, որովհետև, երբ դու թույլ չես տալիս կուսակցությունների գործունեությունը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, քաղաքական դաշտը սկսում է փոշիանալ և վերածվում է այն ամենի, ինչը հիմա մենք տեսնում ենք»:

Ըստ Զ. Փոստանջյանի՝ քաղաքական կուսակցությունները չկարողացան այդ դաշտում գործել, որովհետև նրանց ցեղասպանության ենթարկելու գործողություններ են իրականացվել: Նա հիշեց, որ ինքը եկել է քաղաքականություն, որովհետև «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը փակ էր:

«Այդ ժամանակվա դահիճը Ռոբերտ Քոչարյանն էր, որ այդ հրամանը տվել էր: Ես քաղաքական գործիչ չէի, բայց եկա, դարձա քաղաքական գործիչ: Քաղաքական դաշտի փոշիացումն ու հոշոտումը տեղի է ունեցել 1994 թվականից մինչև հիմա, և այդ դաշտը, անընդհատ այդպես ոչնչացվելու հետևանքով, հիմա ունակ չէ արձագանքելու նրան, ինչ կատարվում է: Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք պետք է հասկանանք, որ հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ կա նոր սերունդ, որը ներկայացնում է քաղաքական հայտ. քաղաքական հայտը համերաշխությունն է «Սասնա ծռերի» գործողության հետ: Այսինքն՝ սա նշանակում է, որ քաղաքական հայտը ձևավորվում է, քաղաքական կուսակցությունները, որ կհանձնեն այս քննությունը, նրանք կդառնան քաղաքական առաջատարները, հիմա այս փուլի մեջ ենք մենք հայտնվել»,- նշեց Զ. Փոստանջյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս