«Ենթադրենք՝ Հայաստանն ազատվում է ռուսական գաղութատիրությունից, բայց դա չի նշանակում, որ այստեղ չի գա մեկ ուրիշը. նորից նույնն է լինելու». քաղաքագետ

Մոսկվայից ժամանած քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ երևանյան իրադարձություններն ունեն ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին ուղղվածություն. «Ներքին ուղղվածությունն այստեղ չեմ քննարկի, որովհետև այն բավական հայտնի է, ու պատճառներն էլ՝ պարզ. դժգոհություն իշխանությունների վարած քաղաքականությունից, սոցիալ-տնտեսական վիճակից, ղարաբաղյան հարցի շուրջ խնդիրներ, և այլն»:

Արտաքին ուղղվածության մասին խոսելիս՝ քաղաքագետը շեշտը դրեց Արևմուտքի վրա. «Հնարավոր չէ, որ ամերիկացիները ոչ մի նպատակ չունենան այս տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում: Բոլորի համար պարզ է, որ, եթե ԱՄՆ-ը կառուցում է այդքան մեծ դեսպանատուն, ուրեմն՝ հետաքրքրություններ ունի: Այսինքն՝ կա նաև արտաքին ուղղվածությունը: Ես Երևանում տեսնում եմ, որ մարդիկ քննարկում են՝ ինչպես են փոխազդում այդ ներքին ու արտաքին ուղղվածությունները: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ես ուշադրություն դարձրի մի հետաքրքիր խոսքի, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական գաղութատիրությունից: Ես գիտեմ, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո հակառուսական տրամադրությունները մեծացել են: Ես չեմ պատրաստվում այստեղ պաշտպանել Ռուսաստանին կամ նրա ղեկավարությանը, նրանք ինձ չեն վարձել, ես անկախ փորձագետ եմ, ուղղակի ուզում եմ ասել, որ դրան ուշադրություն եմ դարձրել, որովհետև հայկական ներուժը, տնտեսական, ռազմական պոտենցիալը մեծ չեն, ու հասկանալի է, որ նրա հովանոցը համարվում են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն: Ենթադրենք՝ այս կամ այն պատճառով Հայաստանն ազատվում է ռուսական գաղութատիրությունից, բայց դա չի նշանակում, որ այստեղ չի գա մեկ ուրիշը, ու նորից նույնն է լինելու»:

Քաղաքագետի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանում ոչ մի քաղաքական գործչի հանդեպ հասարակության կողմից վստահություն չկա. «Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, թվում է, թե ամերիկահայ է, գուցե վստահեն, բայց վստահություն ոչ ոքի հանդեպ չկա: Քննադատական խոսքեր են հնչում բոլորի հասցեին: Արտաքին ուղղությունում էլ քննադատություն է հնչում Ռուսաստանի հասցեին, ինչը կլինի նաև այն երկրի հանդեպ, որը կփոխարինի Ռուսաստանին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս