«Նոր «Սասնա ծռեր» կստեղծվեն, եթե…». Րաֆֆի Հովհաննիսյան

«Այն վիճակը, որ այսօր ստեղծվել է, աննախադեպ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ունենք իշխանություն, որ կրում է երկնագույն և մանուշակագույն փողկապներ ու խոսում է խաղաղության մասին, բայց այդ «խաղաղությունը նշանակում է՝ հանցագործ կառավարման համակարգ, թալանված ժողովուրդ, արտագաղթ, աղքատություն, Հայաստան, որը ջարդում է իր լրագրողներին, որ խաղաղ ցուցարարներին առանց դրդապատճառի բանտարկում է, ձերբակալում է»:

«Խոսքն ամենևին Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի և մնացածի մասին չէ: Իրենք մեր հպարտ քաղաքացիներն են, բայց այդ խաղաղ ցույցին մասնակցելու համար իրենց սպառնում է 4-10 տարի: Չեմ խորանա նրա մեջ, որ սա ուղղված է կոնկրետ «Ժառանգությանը»՝ նախընտրական շրջանում, «Ժառանգությունը» նման բաներ շատ է տեսնել: Հարցը հերթական անգամ տալիս ենք, որ սա՞ է այն վարքը, վերաբերմունքը, որին հայ ժողովուրդը արժանի է, սա՞ է հայոց երազանքը, պե՞տք է հանդուրժենք սա մեր երկրում: Շարքային հայ մարդն ասում է՝ «ոչ», այսպես չենք կարող հանդուրժել, որովհետև այստեղ չկա հայոց երազանք, պետականություն, կա մի տարածք, և ուրիշ ոչինչ»,- հայտարարեց Ր. Հովհաննսիյանը:

Նա նշեց, որ իրենք առաջարկում են յուրաքանչյուր հայաստանցուն և հային՝ զորակացության և սոլիդարության սկզբունքը. «Մենք հիմա հերթով մեր սոլիդարությունը հայտնում ենք Արմենին, Ալեքին, Դավիթին, Հովսեփին և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այսօր դարձել են Հայաստանի նորագույն քաղաքական բանտարկյալները՝ ՀՀԿ-ի գեղեցիկ փողկապ հագնող ղեկավարների հրահանգով, որոնք աղերս չունեն Հայաստանի պետականության հետ»:

Կարդացեք նաև

Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք կկանգնեն ՀՀ քաղաքացիների հետ բոլոր հրապարակներում, փողոցներում, դատարանների դիմաց՝ ընդունելով իրենց սխալները և առաջարկելով լուծումներ մեր երկրի առաջ ծառացած այս աննախադեպ տագնապի հետ:

«Ես արդեն ԵԺԿ-ին նամակ ուղարկել եմ, սեպետբերին կլինեմ այնտեղ, մենք բոլոր ճակատներով ներսում, դրսում պետք է այնպես անենք, որ հայը մեր սեփական երկրում պաշտպանված լինի: Այս ճակատը և այս պայքարը պետք է տանենք հայկական ողջ աշխարհով, և եթե սփյուռքը շարունակի տիտիկ անել՝ կուսակցական կեղծ բաժանումների գնալ և մաս չկազմի այս ամենին, ոչ մի բան չի փոխվի: Եթե Արցախը պատրվակ դառնա, որ մեր սահմանները խոցելի են, ոչ մի բան մի արեք… Դրանց կեղծ պատճառաբանություններ են պետք, որովհետև առանց ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի՝ չկա Թալիշի վերադարձ: Անվտանգության իրավիճակը՝ ներքին և արտաքին, պետք է իրապես փոխվի, որը, ի վերջո, պետք է հասնի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների, և բոլոր գողերը պետք է իրենց պատասխանատվությունը կրեն իրենց ժողովրդի առջև»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

Նա նաև վստահ է, որ եթե նորմալ քաղաքական գործընթացներով չի լինում հարց լուծել, ապա նոր «Սասնա ծռեր» կստեղծվեն. «Ցավում ենք, որ կորցրեցինք երկու ոստիկաններ, նույն Սարի թաղի նկարները ցույց են տալիս, թե ով էր այնտեղ ահաբեկիչը և ով էր հակաահաբեկիչը: Եթե նորմալ քաղաքական գործընթացներով, ընտրություններով չկարողանանք հասնել արտահերթ լուծումներին, Հայաստանը կունենա նոր «Սասնա ծռեր», և այդ «Սասնա ծռերը» կլինենք ցանկացածս, կլինենք հակաահաբեկիչ նրանց նկատմամբ, ովքեր զավթել են երկիրը: Եթե դա չլինի՝ արտաքին սահմանի վրա կունենանք նոր կորուստներ և Թալիշով չենք սահմանափակվի»:

Տեսանյութեր

Լրահոս