Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց Լերոյ Սանեի տրանսֆերի մասին
Ֆուտբոլիստը ստացավ 19 համարի մարզաշապիկը:
««Մանչեսթեր Սիթին» ուրախ է հաղորդել «Շալկեից» Լերոյ Սանեի ձեռքբերման մասին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ ամառվա մեր 5-րդ ձեռքբերումը և ստացավ 19 համարի մարզաշապիկը: Սանեն կնքեց հնգամյա պայմանագիր»,- ասվում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքում:
«Ես ինձ շատ լավ եմ զգում, երջանիկ եմ, որ այստեղ եմ, և երջանիկ եմ, որ ամեն ինչ ստացվեց: Հիմա կարող եմ ապրել Մանչեսթերում և խաղալ «Սիթիի» կազմում: Իմ տեղափոխության պատճառներից մեկը Պեպ Գվարդիոլան է: Նա համոզեց ինձ գալ այստեղ: Գիտեմ, որ նրանից շատ բան կսովորեմ»,- ասել է Սանեն:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Սիթին» Սանեի» տեղափոխության համար վճարել է Գերմանիայի համար ռեկորդային՝ 55 մլն եվրո:
Սանեից բացի, «Մանչեսթեր Սիթին» ամռանը պայմանագրեր է կնքել նաև Նոլիտոյի, Իլկայ Գյունդողանի, Ալեքսանդր Զինչենկոյի և Աարոն Մուի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը