Հուլիսի 26-ին «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուրին մեղադրում են հուլիսի 17-ին ՊՊԾ տարածք մուտք գործելու համար
Հուլիսի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել է այն նույն մեղադրանքը, ինչ հուլիսի 31-ին իրավապահներին հանձնված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին: Այս մասին 168.am-ին հայտնեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Երբ տղաները գտնվում էին ՊՊԾ գնդի ներսում և սննդի խնդիր ունեին, իրենց կտրել էին ամեն ինչից և կարծես պահում էին մեկուսացված պայմաններում` առանց ջրի, լույսի, ամենատարրական միջոցների ապահովման, առավոտյան արթնանալով՝ իմացանք, որ միջին տարիքի մի տղամարդ իր մեքենան բեռնել է սննդամթերքով, ճեղքել ոստիկանական պատնեշը և հասել մինչև տղաները»,- ասաց Ինեսա Պետրոսյանը` նշելով, որ նրան ևս մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու համար: «Արտատպվել է նույն մեղադրանքը, ինչ մյուսներին: Այսինքն` գործ ունենք թերի աշխատանքի հետ, ոչ անհատականացված աշխատանքի հետ, և նրան մեղադրանք են առաջադրել, թե նա հուլիսի 17-ին մուտք է գործել ՊՊԾ տարածք: Պարզապես նույն հոդվածներն արտատպել, դրել են Արթուր Սարգսյանի մեղադրանքի հիմքում»:
Երեկ դատարանը որոշում է կայացրել նրան կալանավորելու մասին:
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածով`պատանդ վերցնելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: