Ինչպես iPhone-ի միջոցով հրաժարվել ծխելուց
Շատերն են ցանկանում ազատվել ծխելու վատ սովորությունից: Ծխելուց հեշտությամբ կարելի է հրաժարվել «Не курю» հավելվածի միջոցով:
Ալեն Կառայի մեթոդում ասվում է, որ ծխելը թողնելու համար ինչ տարբերակ էլ ընտրեք՝ առանց լավ մոտիվացիայի հաջողության չեք հասնի: Եթե դուք չեք ուզում ամեն օր տեսնել ծխելու հետևանքները սարսափելի փաստերի կամ նկարների միջոցով, այլ ունեք դրական և բարի խորհրդի կարիք, ապա կարող ենք ընտրել հենց այս հավելվածը:
Նման խորհուրդներ ստանալու համար պետք է բեռնել հավելվածը, պատասխանել մի քանի պարզ հարցերի: Հավելվածը, հաշվի առնելով ձեր պատասխանները, կորոշի, թե դուք ծխելու որ փուլում եք, և կտա համապատասխան խորհուրդներ:
Հավելվածն ակտիվ կապ է ապահովում սոցցանցերում ձեր հաշիվների հետ: Այս միջոցով դուք կարող եք կիսվել ձեր անձնական էջում հաջողություններով, ինչն ավելի պատասխանատու կդարձնի ձեզ: Բացի այդ, արդյունքները հրապարակելով՝ կարող եք խնդրել ձեր բոլոր ընկերներին, որպեսզի նրանք ձեր ներկայությամբ չծխեն:
Ծխելուց հրաժարվելու առաջին երկու շաբաթներն ամենաբարդն են: Այդ երկու շաբաթների ընթացքում հավելվածը կպատմի ձեր օրգանիզմում տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին:
Մարդիկ սիրում են թվեր: Հավելվածի գլխավոր էկրանին ամեն օր կարող եք տեսնել վիճակագրություն այն մասին, թե որքան գումար և ժամանակ եք խնայել ծխելը թողնելուց ի վեր:
Երբ ծխելու ցանկությունը շատ մեծ է՝ միայն թվերը չեն օգնի: Նման դեպքերի համար հավելվածը նախատեսել է մի շարք խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է հաղթահարել ծխելու ցանկությունը: Բացի այդ, հավելվածը կներկայացնի առողջական այն խնդիրները, որոնք կարող եք ունենալ որոշակի ժամանակ չծխելուց հետո կրկին նախկին ինտենսիվությամբ ծխելու դեպքում:
Հավելվածը նաև մոտիվատորների միջոցով է օգնում հաղթահարել ծխելը: Մոտիվատորները կարճ հաղորդագրություններ են, որոնք դուք կստանաք 15 րոպեն կամ կես ժամը մեկ: Հավելվածում առկա հետաքրքիր և զվարճալի մոտիվատորներին կարող եք ավելացնել նաև ձեր տարբերակները:
Ցանկացած նպատակի հասնելն ավելի հեշտ է, երբ գործում եք խմբով: Հավելվածում կարող եք ստեղծել խումբ, որտեղ ծխելը թողնելը կկրի խաղային բնույթ: Դուք կմրցեք ձեր ընկերների հետ, ինչի միջոցով ծխելը թողնելու գործընթացը կդառնա ավելի արագ:
Հավելվածը ամեն շաբաթ ամփոփում է արդյունքները՝ հայտնելով ծխելու դեմ պայքարող ամենաակտիվ մասնակիցներին: Դուք կարող եք պարբերաբար հայտնվել ծխելն ամենաարագը թողնող անձանց թոփ 5-յակում: Լավագույնների շարքերում հայտնվելը լրացուցիչ մոտիվացիա է ծխելը թողնելու համար:
Սիրարփի Աղաբաբյան