«Ունենք այնպիսի իրավապահ համակարգ, որն ընդունակ չէ պաշտպանել իր գունդը հարձակումներից ու գրավումներից, բայց ջարդում է լրագրողներին ու քաղաքացիներին»
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այն, ինչ երեկ եղավ, հնարավոր ելքերից լավագույնն էր։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ կարող է թվալ, թե դրանով ճգնաժամն այսօր կարելի է հաղթահարված համարել, բայց ըստ նրա՝ այսօր գործ ունենք տոտալ քաղաքական ճգնաժամի հետ. «Նախորդ երկու շաբաթը ցույց տվեցին, որ Հայաստանում որևէ ինստիտուտ ընդունակ չէ ադեկվատ արձագանքել որևէ իրադարձության: Պետական համակարգը ցուցաբերեց լիակատար անգործունակություն։ Տեսանք, որ խնդիր ունենք ոչ միայն իշխանության, այլև ամբողջ քաղաքական դաշտի հետ։ Արդեն հանգուցալուծում եղավ, իսկ ԱԺ-ն շարունակում է վայելել իր արձակուրդը: Մենք կարող ենք խոսել հանգուցյալ Ազգային ժողովի մասին, ու ավելացնելու բան չունեմ, որովհետև հանգուցյալների մասին կամ լավն են խոսում, կամ ոչինչ. լավը չկա, ուրեմն՝ ոչինչ»:
Նրա խոսքով՝ այս օրերին մենք նաև տեսանք, որ ունենք այնպիսի իրավապահ համակարգ, որն ընդունակ չէ պաշտպանել իր գունդը հարձակումներից ու գրավումներից, բայց մյուս կողմից՝ ջարդում է լրագրողներին ու քաղաքացիներին. «Մենք տեսնում ենք քննչական մարմիններ, որոնք այդ ամենից հետո կանչում են ծեծված լրագրողին ու ասում՝ եթե ցուցմունք չտաս ոստիկանների աշխատանքը խոչընդոտելու մասով, կենթարկվես պատասխանատվության։ Սա է մեր երկրում օրենքի ու իրավունքի գերակայության վիճակը: Ողբալի վիճակ է: Հայաստանում մեռած է քաղաքականությունը։ Այս դեպքերը եղան այն պատճառով, որ իշխանությունը փակել է քաղաքացիների կամարտահայտության բոլոր լեգալ խողովակները»:
Քաղաքագետը նշեց, որ բոլոր համակարգերն այսօր չեն աշխատում. «Դրանք վերածվել են իրենք իրենց ծաղրանկարին։ Այստեղ տեսնում եմ միայն երկու սուբյեկտ, որ կարող է հարցի լուծում տալ` իշխանությունը և քաղաքացիները։ Հայաստանում այլ սուբյեկտ չկա։ Այսօր ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կստրուկտուրիզացվի քաղաքացիական հասարակությունը, ու ինչ քաղաքական օրակարգ առաջ կբերվի»։