«Թուրքը 15 անգամ խփել է՝ ինձ ոչինչ չի եղել, այս մի հատից էլ ոչինչ չեմ լինի, մի անգամ էլ թող հայը խփի». Արայիկ Խանդոյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով ներկայացնում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) շահերի պաշտպանությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ հնարավոր է՝ իր պաշտպանյալներից երկուսը լրացուցիչ վիրահատությունների կարիք ունենան, իսկ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել բժշկական օգնություն ստանալ. «Նա ասաց, որ իր համար դա շատ փոքր բան է, և ասել է. «Թուրքը 15 անգամ խփել է՝ ինձ ոչինչ չի եղել, այս մի հատից էլ ոչինչ չեմ լինի, մի անգամ էլ թող հայը խփի»: Վնասվել են նրա ոտքի փափուկ հյուսվածքները, ոսկրային վնասվածք չունի»:

Նա նշեց, որ Խանդոյանի նկատմամբ մեղադրանք դեռ չի առաջադրվել. «Ամենայն հավանականությամբ, այսօր համապատասխան քննչական գործողություններ կկատարվեն, երեկ ընդամենը կազմվել է ձերբակալման արձանագրություն, և գիշերը հնարավորություն տրվեց, որ Արայիկ Խանդոյանն ու մյուս պաշտպանյալներս ինձ հետ առանձնազրույց ունենան»:

Նա ասաց, որ Արայիկ Խանդոյանի տրամադրությունը բարձր է եղել, ու ըստ նրա՝ «Սասնա ծռերի» մյուս անդամները ևս ընկճված չեն եղել. «Երբ հարցրի՝ ի՞նչ կցանկանա փոխանցել իր բարեկամներին, մտերիմներին, Արայիկ Խանդոյանը պատասխանեց. «Խնդրում եմ՝ փոխանցիր, որ ես շատ եմ սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին»»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս